
Սամվել Ալեքսանյանի ու Գագիկ Ծառուկյանի ընկերությունները՝ խախտողների շարքում

Հայաստանի տնտեսվարողները շարունակում են գերադասել ստվերային աշխատանքը, թեև որոշ չափով զիջում են դիրքերը: Դա է վկայում Ֆինանսների նախարարության հարկային մարմնի կողմից հրապարակվող առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը:
Ըստ այդմ՝ անցած ամիս արձանագրված խախտումների քանակը կազմել է 142՝ 80.3 մլն դրամ ծավալով: Անցած տարի հուլիսին առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման 207 դեպք էր արձանագրվել՝ 100 մլն դրամ ծավալով: Այս տարի հունիսին խախտումներ թույլ տված ընկերությունների շարքում աչքի են ընկնում «Արաքս» թռչնաֆաբրիկան՝ 2 մլն 457 հազար դրամ, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը»՝ ավելի քան 1 մլն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի հոմի» խախտման ծավալն այնքան էլ մեծ չէ՝ 400 հազար դրամ, իսկ համեմատաբար խոշոր չափով առանձնանում է «Գրանդ դիլինգ» ընկերությունը՝ գրեթե 12 մլն դրամ:
Ուշագրավ է, որ հարկային տեսուչներից չի խուսափել և անբարեխիղճ տնտեսվարողների շարքում է հայտնվել նաև պետական մի հիմնարկ՝ Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր կամար» ՓԲԸ-ն՝ 403 հազար դրամ ծավալի խախտմամբ: Եթե պետական կառույցի իրավասության տակ գործող ընկերությունն է խախտում թույլ տալիս, ապա ինչ կարելի է սպասել մասնավորներից: