Թուրքիայի քրդերն անհանգստացած են. ահաբեկիչների քողի տակ ոչնչացնում են քրդերին. «Ամերիկայի ձայն»
Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի հովանու ներքո Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Քրդաբնակ Դիարբեքիրի բնակիչների խոսքով, թուրք ռազմական ուղղաթիռներից իրենց բնակավայրերում հրդեհ առաջացնող սպիտակ փոշի են տարածում, որից առաջացած հրդեհները ոչնչացնում են իրենց այգիներն ու ոչխարներին: Թուրքական կողմի խոսքով, զինվորականները փորձում են ստիպել քուրդ զինյալներին դուրս գալ սարերում իրենց գաղտնի ապաստարաններից: Տեղում բնակվող քրդերի կարծիքով սակայն, իրական դրդապատճառն այլ է: Հենց քրդաբնակ Դիարբեքիրից ամեն օր տասնյակ թռիչքներ են կատարում թուրքական ռազմական ինքնաթիռները, որոնք հարվածներ են հասցնում Հյուսիսային Իրաքում տեղակայված քրդերի դիրքերին:
Տեղացի լրագրող, ազգությամբ քուրդ Մեթին Բեքիրօղլուի խոսքով, Թուրքիայի կառավարությունն «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարի անվան տակ իրականում պայքարում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ.
«Բոլոր գործողություններն իրականում ուղղված են քրդերի, քուրդ ժողովրդի եւ քուրդ պարտիզանների դեմ: Նրանք ռմբակոծում են քրդերի դիրքերը Իրաքում. Զապը, Ավասինը, Բասյանը, Քանդիլը՝ նրանք այդ տարածքներն են ռմբակոծում: Իսկ այստեղ նրանք քուրդ քաղաքացիական անձանց են ձերբակալում՝ ակտիվիստների եւ առաջնորդների»:
Դիարբեքիրում հակամարտությունը տեղաբնակ քրդերի եւ այստեղ ժամանած թուրք զինվորականների միջեւ սրվեց նախորդ շաբաթ, երբ ենթադրաբար քուրդ զինյալները ոստիկան առեւանգեցին եւ զինվորականների դեմ կրակ բացեցին: Քուրդ քաղաքական բազմաթիվ գործիչներ երկրի վարչապետ Էրդողանին են մեղադրում երկու ժողովուրդների միջեւ հակամարտությունը սրելու մեջ, նշելով, որ Թուրքիայի վարչապետը փորձում է թուլացնել ուժ հավաքող քրդական կուսակցությունները, հույս ունենալով նոյեմբերին արտահերթ ընտրություններ նշանակել եւ սեփական կուսակցությանը վերադարձնել խորհրդարանական մեծամասնությունը:
Միեւնույն ժամանակ, հասարակ մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան կարող է վերադառնալ հին ժամանակներին, ուր տիրում էին ուժի գործադրումը, վրեժը եւ սպանությունները.
«Մենք չենք ցանկանում վերադառնալ անմարդկային 1990-ականներ, 80-ականներ, 1938 թիվը: Մենք շատ մտահոգված ենք եւ չենք ցանկանում, որպեսզի որեւէ մեկը մահանա», – ասում է Դիարբեքիրի բնակիչ, ազգությամբ քուրդ Մաքբուլե Քերիմլին: