Բաժիններ՝

«Վալենսիան» ցանկանում է «Ռեալից» «տանել» 100 մլն եվրո. տրանսֆերային նորություններ

«Ռեալը» Դե Խեայի հետ կապված գործարքը կավարտի այս շաբաթ

Իսպանական Marca-ի լրագրողներն այնքան վստահ են Դե Խեայի «Ռեալ» տեղափոխման մեջ, որ այդ նորությունը տպագրել են առաջին էջում: Նրանց կարծիքով՝ ամեն ինչ պաշտոնապես կավարտվի այս շաբաթ:

«Վալենսիան» երկու պաշտպաններին կտա «Ռեալին»` 100 մլն եվրոյով

AS-ի տեղեկությամբ՝ «Ռեալը» ցանկանում է միանգամից 2 ֆուտբոլիստ գնել «Վալենսիայից»: Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը, ով հանդիսանում է «Վալենսիայի» նախագահի խորհրդականը, արդեն հող նախապատրաստել է այս գործարքների համար: «Չղջիկները» ցանկանում են Օտամենդիի և Մուստաֆիի համար ստանալ 50-ական մլն եվրո, որը նախատեսված է պայմանագրերում` որպես հրաժարադրամ:

«Լեսթերը» գնում է միայն ճաղատներին

Երկուշաբթի «աղվեսները» փակեցին միանգամից 2 գործարք: «Ատալանտայից» գնեցին Յոան Բենալուանին, իսկ «Կանից»` Նգոլա Կանտեին: 2 ֆուտբոլիստների համար «Լեսթերը» վճարել է 16 մլն եվրո: Միանգամայն ճաղատ Բենալուանի և Կանտեի հետ միասին անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Գյոկհան Ինլերին, ով նույնպես աչքի չի ընկնում գլխի մազածածկույթով:

«Լիոնը» կծախսի ընդամենը 8 մլն` 2 լավ ֆուտբոլիստների համար, և կսպասի Վալբուենայի հետ կապված որոշմանը

«Լիոնն» անցկացնում է գերազանց տրանսֆերային կամպանիա: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ թիմ են տեղափոխվում Սերխի Դարդերան և Ռաֆայելը, որոնց համար «առյուծները» կվճարեն ընդամենը 8 մլն եվրո: «Լիոնը» սպասելու է նաև Մաթյո Վալբուենայի հետ կապված «Դինամոյի» որոշմանը:

«Յուվենթուսին» հարկավոր է Մասկերանոն

«Յուվենթուսի» առաջնահերթ նպատակը դարձել է Մասկերանոն: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, արգենտինացու արժեքը կազմում է 10-15 մլն եվրո:

Այս գործարքի գլխավոր խոչընդոտն այն է, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «Բարսելոնայի» վրա: Մասկերանոյի հեռանալու դեպքում «Բարսելոնան» չի կարող մինչև հունվար փոխարինող գտնել նրա համար:

Ջերդան Շաչիրին կարող է Յակուբ Բլաշչիկովսկուն դուրս մղել «Բորուսիայից»

Հիմա հասկանալի է, թե ինչու Շաչիրին չի շտապում տեղափոխվել «Շալկե»: Bild-ի տեղեկությամբ, Շաչիրիին ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիան»: Եթե գործարքը կայանա, ապա «Բորուսիայից» կհեռանա Կուբա Բլաշչիկովսկին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս