Ամուսինը կնոջը կասկածել է անհավատարմության մեջ, սպանելու նպատակով նռնակները նետել է կնոջ և նրա քրոջ թոռնուհու ուղղությամբ
Դատարան է ուղարկվել ամուսնու կողմից կնոջը պայթեցնելու վերաբերյալ քրեական գործը:
Նախաքննական մարմնի կողմից տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կնոջը կասկածելով անհավատարմության մեջ, 2015թ. փետրվարի 6-ին, ժամը 11:30-ի սահմաններում դուրս է եկել տանից և հետապնդել կնոջը, ով երթուղային տրանսպորտով ուղևորվել է քրոջը պատկանող բնակարան, որտեղ կինը մշտապես խնամելիս է եղել քրոջ դեռահաս թոռնուհուն: Կասկածանքը հաստատելու դեպքում, ունենալով նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորություն, նախապես իր հետ վերցրած, գործով դեռևս չպարզված 2 բեկորային նռնակներ գրպանում, մուտք է գործել նշված բնակարան, որտեղ արտառոց ոչինչ չհայտնաբերելով՝ կնոջից պարզաբանումներ է պահանջել հիշյալ հարցերի կապակցությամբ և հանելով նռնակները՝ քաշել է նրանցից 1-ի ձգանը և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանության դիտավորությամբ՝ այն նետել է կնոջ և նրա քրոջ թոռնուհու ուղղությամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով վերջիններս չեն մահացել և ստացած «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով` սպանության փորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված) և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ՝ կցված են տուժողների հագուստները, առգրավված արյան և արնանման հետքերը, դեպքի վայրից առգրավված մետաղյա բեկորները: