«Կադրերի բաժին N 168»-ում ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆՆ է. «Չինական ուրվականների պատմությունը» (ԲԱՑԱՌԻԿ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս շաբաթ «Կադրերի բաժին N 168»-ը բացառիկ է՝ աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի՝ 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերով, որից երկրորդն այս երկուշաբթի ներկայացնում ենք կինոսեր ընթերցողներին:
168.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում ռեժիսորը տատանվում էր՝ ընթերցողներին առաջարկել խաղարկայի՞ն, թե՞ դոկումենտալ ֆիլմ:
Ի վերջո, նրա ընտրությունը կանգ առավ միանգամից երեք ֆիլմի վրա, որը նա մեկնաբանեց այսպես. «Ես, այնուամենայնիվ, չէի ուզենա հեռանալ իմ հիմնական նախընտրություններից, և ձեր ընթերցողներին կներկայացնեմ, իմ կարծիքով՝ կինոյի աշխարհում երբևէ ստեղծված երեք գլուխգործոցները: Սրանք տաղանդավոր ֆիլմեր են, թող ձեր ընթերցողներն անպայման նայեն դրանք»:
Այսպիսով Արտավազդ Փելեշյանը հաջորդիվ առաջարկում է դիտել հոնկոնգցի ռեժիսոր Չինգ Սիու-թունգի «Չինական ուրվականների պատմությունը» միստիկ դրաման, որի հեղինակը հայտնի է նաև Տոնի Չինգ անունով: Ռեժիսորը հայտնի է 20-ից ավելի խաղարկային, այդ թվում՝ նաև կինոքննադատների կողմից «գերբնական ֆանտաստիկա» բնորոշմանն արժանացած «Չինական ուրվականների պատմությունը» ֆիլմով, որը նկարահանվել է 1987 թ. Հոնկոնգում: Գլխավոր դերում հանդես է գալիս Լեսլի Չունգը: Ֆիլմի տևողությունը 98 րոպե է:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ երկչոտ կոլեկցիոներ Նին-Չոյ Սանն աշխատանքի բերումով շարունակ այցելում է գյուղական ավաններ: Վերադառնալով մայրաքաղաք, կուտակված պարտքերի պատճատով սնանկացած կոլեկցիոները ստիպված է ապաստան փնտրել ամայի անտառի բերանին ծվարած լքված մատուռում, որտեղ նույն կեսգիշերին հանդիպում է երիտասարդ, գայթակղիչ գեղեցկուհի Նիփ Սիուին և սիրահարվում: Առավոտյան, վերհիշելով նախորդ օրվա հանդիպումն ու զարգացումները, հերոսը հայտնվում է վախի անհաղթահարելի մթնոլորտում, տրվում սնոտիապաշտ երևակայությանը: Նա մտաբերում է դաոսյան միստիկին, ով իրեն պատմել էր մատուռում հայտնվող տեսլիքների մասին: Նույն գիշեր՝ լքված մատուռում Նին-Չոյ Սանի վախը հաստատվում է՝ գեղեցկուհին իրականում ոգի է…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը