«Ուղղակի հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ նշված 10 ատրակցիոններից չօգտվել». մասնագետ

«ՀՀ-ում գրանցված 125 ատրակցիոններից 84-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին, 6-ը՝ Կոտայքին, 6-ը՝ Լոռիին, 19-ը՝ Շիրակին, 8-ը՝ Սյունիքին և 2-ը՝ Արմավիրին: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքում գրանցված 84 ատրակցիոններից 74-ն անցել են փորձաքննություն, ստացել են համապատասխան փորձաքննության դրական եզրակացություն»,- այսօրվա ասուլիսն ասաց ՏԿԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Մասնագետը նշեց, որ այդ 74 ատրակցիոններից մեկը, որը տեղադրված էր Մյասնիկյան 20 հասցեում (Կենդանաբանական այգու «Զանգակ» ատրակցիոնը), շահագործումից հանվել է հենց շահագործողի կողմից. «Մնացած 10 ատրակցիոնները, որոնք շահագործում է «Անառիկ Բերդաձոր» ՍՊԸ-ն և որոնք գտնվում են Երևան, Գայի 14 հասցեում, փորձաքննություն չեն անցել, չունեն վերջնական փորձագիտական եզրակացություն և տեխնիկական վիճակի մասին որևէ բան ասել չեմ կարող: Ուղղակի հորդորում եմ մեր քաղաքացիներին և բնակիչներին՝ նշված 10 ատրակցիոններից չօգտվել»:

Նշված ատրակցիոնների համապատասխան փորձաքննության չանցնելը մասնագետը բացատրեց նրանով, որ դրանք շահագործողը չի կնքել համապատասխան պայմանագիր իրենց կենտրոնի հետ: Նա հավելեց, որ համապատասխան կառույցները այդ ատրակցիոններով կզբաղվեն, դրանք կամ կանցնեն փորձաքննություն, կամ ընդհանրապես շահագործումը կդադարեցվի:

Իսկ ինչ վերաբերում է բակային ատրակցիոններին, ապա, ըստ մասնագետի՝ դրանք չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ, որովհետև հասարակ մեխանիզմով են աշխատում, գրանցման և հետագա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթակա չեն:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս