Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգումների անցկացման մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ չեխերեն, հոլանդերեն, սերբերեն, լատվերեն, լիտվերեն, հունգարերեն, ռումիներեն, չիներեն և ճապոներեն լեզուներից որակավորման արտահերթ ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:

Որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական:

Դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ) պետք է ներկայացնի՝

1) դիմում (http://moj.am/announcements/view/article/109), որտեղ պետք է նշվեն՝

ա) դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

բ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.

գ) դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

դ) դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար՝ 4×6 չափսի.

3)անձնագիր և անձնագրի պատճեն.

4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմների) պատճենները.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.

6) փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր՝ 21000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքում՝ ՀՀ արդարադատության նախարարության համար բացված 900013194056 արտաբյուջետային հաշվին:

Համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները ներառում են՝

ա) պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված

համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,

բ) համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,

գ) տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),

դ) լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 6-ը մինչև ժամը 13.00-ն:

Որակավորման ստուգումը կանցկացվի 2015 թվականի օգոստոսի 8-ին ժամը 10.00-ին, ՀՀ արդարադատության նախարարության շենքում (Երևան, Հալաբյան փող. 41ա շենք, 14-րդ հարկ):

Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:

Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:

Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվում է դրական:

Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ նախատեսված չեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղարին (010)319 117 հեռախոսահամարով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս