Բաժիններ՝

Եղիցի լույս… թանկով

Այսօրվանից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագները։ Մեզանից շատերն այդ մասին չեն էլ հիշի, որովհետև առայժմ մեր փոխարեն այդ գումարը վճարելու է կառավարությունը։ Այդ իսկ պատճառով շատ համառոտ հիշեցնենք այս «լուսավոր» պատմությունը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հաստատեց էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը` էլեկտրաէներգիան թանկացնելով 6.93 դրամով։ Այսպիսով` ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դարձավ 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:
Ընդ որում, 6,93 դրամով թանկացումը փորձ արվեց ներկայացնել՝ որպես ձեռքբերում, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:

Սակայն այդ փորձը ձախողվեց՝ սկիզբ առավ բողոքի լուրջ ալիք։ Այնքան լուրջ, որ կառավարությունը փոխզիջման գնաց։ Նախ, հայտարարվեց, որ հոսանքի թանկացումը կսուբսիդավորվի 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Սակայն դա պարզապես նշանակում էր՝ բնակչության մի մասի հաշվին փակել մյուսների ծախսերը։

Հաջորդ քայլը կատարեց արդեն երկրի նախագահը։ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ՝ կասկածները փարատելու ու սակագնի բարձրացման անհրաժեշտությունը ստուգելու համար։ Իսկ մինչ այդ բնակչությունն էլէներգիայի համար կվճարի նախկին գնով։ «Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումն այդ ընկերության կողմից կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշո՛ւշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»,- ասաց Ս. Սարգսյանը:

Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սակագնի սուբսիդավորումը չի լինի բյուջեի հաշվին, սակայն չմանարամասնեց՝ ի՞նչ աղբյուրներից է սուբսիդավորվելու հոսանքի թանկացումը։ Այդ հարցը մինչ օրս պատասխան չունի։ Անգամ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ չգիտի, թե որն է լինելու սուբսիդավորման աղբյուրը։ Լուրեր են շրջանառվում, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը սուբսիդավորվելու է ռուսական 200 միլիոն դոլարի վարկային միջոցների հաշվին, ինչը պաշտոնապես չի հերքվել։

Ամեն դեպքում, փաստն այն է, որ էլեկտրաէներգիան այսօրվանից Հայաստանում ավելի թանկ է, քան երեկ։ Փաստ է նաև այն, որ ՀԷՑ-ն իր իր կողմից մատակարարված էլէներգիայի դիմաց ավելի շատ փող է ստանալու՝ տարեկան կտրվածքով մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելի։ Ու վերջապես, փաստն այն է, որ դա լինելու է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս հաշվին՝ անկախ նրանից, թե մեր պաշտոնյաները դրան ինչ ձևակերպում կտան։ Որովհետև ՀԷՑ-ին վճարվելիք լրացուցիչ մի քանի միլիոն դոլարը ոչ երկնքից է ընկնելու, ոչ էլ մեր պաշտոնյաների անձնական գրպաններից։

Ճիշտ է՝ դեռ տեսական որոշ հնարավորություն կա, որ այդ գումարը մեր ուսերին չի մնա։ Ասենք, եթե միջազգային աուդիտը ՀԷՑ-ում լուրջ խախտումներ ու յուրացումներ գտնի, հնարավոր է՝ լրացուցիչ բեռը փոխհատուցել մեղավորների հաշվին։ Սակայն դա ընդամենը տեսական տարբերակ է, որի հավանականությունը մոտ է զրոյին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս