Բաժիններ՝

Վաղվանից հոսանքի դիմաց վճարվելու է վարչապետի հայտարարած սկզբունքով

Վաղը՝ օգոստոսի 1-ից, Հայաստանում գործելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Թեև առայժմ, մինչև միջազգային աուդիտի ավարտը, սպառողների փոխարեն այդ 7 դրամ բարձրացումը վճարելու է ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող ակցիաներն ավելի մեծ թափ կստանան:

Այսօր լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա ունի՞ նման մտավախություն, և ի՞նչ կլինի այդ դեպքում:

«Չեմ կարող ասել՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի: Վաղվանից Կառավարության ու վարչապետի հայտարարած սկզբունքով կազմակերպվելու է սակագնի բարձրացման և համապատասխան վճարումների փոխհատուցման հետ կապված գործընթացը, զուգահեռ կարվեն նաև աուդիտորական աշխատանքները՝ ինչպես՝ ցանցի աշխատանքի վերաբերյալ, այնպես էլ՝ սակագնի ձևավորման չափի, մեթոդաբանության և այլն»,- ասաց Ա.Գալստյանը:

168.am-ի հարցին, թե իր կարծիքով՝ աուդիտի անցկացման ի՞նչ մեխանիզմ պետք է ընտրվի, որպեսզի հանրության մոտ վստահություն լինի դրա արդյունքների հանդեպ, Ա.Գալստյանը պատասխանեց, թե ամեն ինչ թափանցիկ է արվում. «Եղել է բաց քննարկում, մասնակցել են ԶԼՄ-ների, հ/կ-ների ներկայացուցիչները, դրանից ավելի ի՞նչ կարող է լինել: Քննարկել են, թե այդ առաջադրանքի մեջ ի՞նչ պետք է զետեղվի, որի համաձայն՝ աուդիտորական ընկերությունը պետք է աշխատի: Կարծում եմ՝ ՀԾԿՀ առաջադրած աշխատանքների ծավալը բոլոր հարցերի պատասխանները կտա»:

Մեր դիտարկմանը, որ ՀԾԿՀ-ն հայտարարում է, թե սակագնի բարձրացումը հիմնավորված է, սակայն հասարակությունն այդպես չի կարծում, փոխնախարարը պատասխանեց, որ դրա համար հրավիրվում է միջազգային համբավ ունեցող անկախ ընկերություն, լավագույններից լավագույնը, որն այդ առաջադրանքին համապատասխան՝ կձեռնարկի աշխատանքները և կներկայացնի նույնպես բաց գործընթացով, թափանցիկ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս