ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներին Վրաստանի աջակցելը կարո՞ղ է վնասել Հայաստանին. պարզաբանում է վրացագետը

Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժմիջոցների երկարաձգմանը Վրաստանը շարունակում է միանալ: Պատժամիջոցները ներառում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի ներկրման, ինչպես նաև Ղրիմում կամ Սևաստոպոլում ներդրումներ կատարելու արգելքներ:

Թե ինչո՞ւ Վրաստանը որոշեց միանալ պատժամիջոցների երկարացմանը, փորձեցինք պարզել վրացագետ Ալիկ Էրոյանցից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով.

«Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին բազմիցս քննադատել է արևմտյան պետություններին՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, այսպես ասած, հետևողական չլինելու մեջ: Բնական է, որ այս առումով իրենք կշարունակեին միանալ, բայց պետք է գիտակցեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել:

Միանալու վրա ազդել է նաև վերջին սահմանային լարվածությունը, երբ ռուսներին մեղադրում էին դեպի Վրաստան սահմանը մի կողմ խորացնելու մեջ: Բայց, ընդհանուր առմամբ, սա տեղավորվում է Վրաստանի արևմտյան ուղղության շրջանակներում, քանի որ, ուզեն թե չուզեն, պետք է պահեն այդ ուղղությունը և բավարարեն Արևմտյան պետությունների ցանկությունները, և սա էլ այդ համատեքստում էր»:

Վրացագետի կարծիքով՝ ցանկացած նմանատիպ որոշում բացասական ազդեցություն է ունենում ռուս-վրացական հարաբերություններում. «Արդեն տեսանք բացասական արձագանք, երբ ռուսական կողմից նշվեց, որ կարող են պատասխան քայլերի դիմել, այսինքն՝ համապատասխան ձևով նաև ռուսական կողմը որոշում կայացնի՝ Վրաստանի մասով պատժամիջոցներ կամ սահմանափակումներ մտցնել: Այդ առումով՝ բավականին վտանգավոր է դառնում վրացական կողմի համար, քանի որ վերջին երկու տարում երկու երկրների միջև արձանագրված հարաբերությունների վերականգնման դրական արդյունքները նորից կարող են մղվել դեպի փակուղի: Հատկապես՝ կարող է վնասվել առևտրաշրջանառության ուղղությունը, իսկ այդ ոլորտում մեծ աճ է գրանցվել, մասնավորապես՝ հանքային ջրերի, գինիների ռուսական շուկա արտահանման ուղղությամբ:

Վրաստանում մեծ թվով գինի է արտադրվում, ինչը զգալի դեր է խաղում Վրաստանի տնտեսության մեջ և վերջին երկու տարում բավականին դրական արդյունք էր գրանցել: Եթե Ռուսաստանը դիմի պատասխան քայլերի՝ առաջին հարվածը կստանա հենց այդ ուղղությունը: Այսինքն՝ իրենք կարող են սահմանափակել կոնկրետ վրացական արտադրության գինիների և հանքային ջրերի մուտքը: Վրացական կողմը պետք է ավելի զգույշ լինի նման քայլերի գնալիս: Վրաստանը կարող է իր քայլերի մասով առանձին հստակեցնել՝ ի՞նչ ֆորմատով է շարունակում այդ պատժամիջոցներին միանալը, գոնե Ղրիմի մասով հստակեցնի ու ավելի սահմանափակ լինի դրա կիրառումը կամ կիրառման չափը, որպեսզի գոնե ռուսների կողմից եկող պատասխանի չափն այդքան ցավոտ չլինի:

Տրամաբանորեն կարող ենք պատկերացնել, որ եթե ռուսները գնան այդ քայլին՝ սկսեն կիրառել պատժամիջոցներ Վրաստանի դեմ, բավականին խիստ չափերի կարող է դա հասնել, ինչը Թբիլիսիի համար՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, բավականին բացասական է լինելու: Հետո նորից զրոյական վիճակից սկսելու են վերականգնել հարաբերությունները»:

Մեր հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանի վրա, քանի որ Հայաստանից Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վրաստանով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում՝ այն աստիճան խորանա, որ իրենք սահմանը փակեն. այս պահին կարող եմ բացառել դա, քանի որ նույն Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանի համար Վրաստանը տարանցիկ երկիր է, և կոնկրետ իրենց մեջ առկա սահմանային կետերը Հայաստանի համար օդի ու ջրի պես կարևոր են: Բնական է, որ ռուսները դա քաջ գիտակցելով՝ չեն գնա այնպիսի քայլի, որից տուժի նաև Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը: Ռուսաստանի համար էլ է կարևոր Հայաստանի հետ տնտեսական մասով համագործակցությունը: Հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի չեն, որ այդ առումով վախ ունենանք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս