«Միտում կա ինչ-որ ձևով արդարացնել էլեկտրաէներգիայի անվերջ թանկացումները»

Այսօր Հանրային խորհրդում քննարկում է կազմակերպվել Հայաստանի էլեկտրացանցերում աուդիտ անցկացնելու և ընդհանուր էներգետիկ համակարգի խնդիրների վերաբերյալ: ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում պետք է իրականացվի արդյունավետության աուդիտ: Ըստ նրա՝ անթույլատրելի է այն, ինչ կատարվում է էներգետիկ համակարգում:

Ա.Սադոյանը նշեց, որ մինչև 2036թ. համակարգի զարգացման ծրագիրը բացասական տպավորություն է թողել իր վրա, դրանում հաշվի չէր առնված, թե ինչ հեղափոխություններ են լինում էներգակիրների ոլորտում, թերթաքարային գազի ու նավթի հետ կապված զարգացումները հաշվի չեն առնվել, որոնք բերում են անընդհատ էժանացումներ. «Առաջիկա 5-6 տարում մի քանի անգամ կէժանանա գազից արտադրվող էներգիան, բայց նախարարությունը ոչ մի ձևով հաշվի չի առել դա, այլ հաշվի է առել, որ գազի գինը երկու անգամ կթանկանա: Այստեղ միտում կա ինչ-որ ձևով արդարացնել էլեկտրաէներգիայի անվերջ թանկացումները»:

Ա.Սադոյանը նշեց, որ հրավիրել են ՀԾԿՀ ներկայացուցչին՝ պարզելու մի հարց՝ ինչպես կարելի է շուկայական հարաբերությունների այս դարում, ազատ տնտեսության մրցակցության այս դաշտում սահմանել մենաշնորհային ծառայությունների գազի ու էլեկտրաէներգիայի համար սահմանել շահույթի հաշվարկի կարգ, որը նրանց ստիպում է ոչ արդյոնավետ աշխատել, ավելորդ ծախսեր անել, շատ մարդ պահել, որի արդյունքում շահույթի տոկոսը մեծ է լինում.

«Մարդիկ շահագրռված են վատ ու թանկ աշխատել: Ինչքան թանկ լինի գազը ՋԷԿ-երում, այնքան մեծ կլինի ինքնարժեքը և մեծ կլինի ստացվող շահույթը: Մի այլանդակ հակաշուկայական մեխանիզմ է, որի հետևանքով ՀՀ-ում անընդհատ թանկանում է և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը: Վրաստանում 18-19 դրամ է նստում մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, վաճառում են բնակչությանը 28 դրամով: ՀՀ-ում ՀԷՑ-ը գնում է միջինը 19 դրամով, վաճառոմ է 40 դրամով: Հըլը պատկերացրեք՝ ինչ է կատարվում: Ավտոմատացման այս դարում, երբ ամեն ինչ էժանանում է աշխարհում, մեզ մոտ անընդհատ ավելացում է լինում»:

Ա.Սադոյանի կարծիքով՝ աուդիտ պետք է անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև ՀԾԿՀ-ում, թե ինչպես է համաձայնում այդ սխալ մեթոդիկայով հաշվարկներին. «Իսկապես համբերութան բաժակը լցվում է և մենք ուզած-չուզած քաղաքական հարց ենք քննարկում: Ո՞վ է տեսել, որ Երևանի գլխավոր մայրուղին այդքան ժամանակ փակվի»:

Ա.Սադոյանն անձնական շնորհակալութուն հայտնեց Վլադիմիր Գասպարյանին, որ բացի առաջին օրվա «հիմարությունից», մնացած գործողությունները դրական ընթացան:

«Սեպտեմբերին, հոկտեմբերին սպասվում է գերպայթունավտանգ վիճակ: Որպես ՀԽ անդամ, որպես տեսած մարդ, պետք է կանխել լարվածությունը»,- ասաց Ա.Սադոյանը:

Տեսանյութեր

Լրահոս