Բաժիններ՝

Հրաչ Բերբերյանը բացառում է, որ հայ արտահանողները կարող են ապրանքի քաշի հետ կապված խնդիրներ ունենալ

Մրգի արտահանմամբ զբաղվող որոշ գործարարներ ահազանգել էին 168.am-ի խմբագրություն, որ մրգով բեռնված ավտոմեքենաները Հայաստանի անցակետում կշռելուց հետո վրացական անցակետում խնդիրներ են առաջանում քաշի հետ, այսինքն՝ վրացական կշեռքները այլ տվյալ են ցույց տալիս:

168.am-ը Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց, թե արդյոք միությունն առնչվե՞լ է այդ խնդրին: Սակայն Հ.Բերբերյանը նման խնդիրն անհնար անվանեց. «Մաքսավորների կշեռքները շատ ստույգ են, մեր միավորման ֆերմերները նույնպես զբաղվում են ներկրմամբ ու արտահանմամբ, դա հնարավոր չէ, որ մաքսայինի կշեռքները ստույգ չլինեն: Այլ խնդիր է, որ պտուղը քաշը կորցնում է ճանապարհին, օրինակ՝ մինչև Մոսկվա 4-6% բնական կորուստ է լինում, բայց մինչև Վրաստան բացառված է, կորուստ չպետք է լինի»:

Նա տեղեկացրեց, որ Լարսի մաքսակետում վերջերս քաշքշուկներ, խցանումներ են եղել, դրա մասին տեղյակ է նաև ՀՀ կառավարությունը. «Նույնիսկ կորուստներ եղան: Այն արտահանողները, որ փորձում էին ոչ կազմակերպված արտահանումներ անել, ավելի շատ տուժեցին: Լոգիստիկան լուրջ գիտություն է, որ ամեն մարդու բան չի: Ջերմային ռեժիմի հարց կա և այլ, և այլ: Շատերը փորձում են բիզնեսով զբաղվել՝ չիմանալով դրա յուրահատկությունները: Պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր գիտեն այդ նրբությունները: Ամեն արտահանում իր կորուստներն ունի և պետք է լավ հաշվարկել՝ դրանից խուսափելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս