Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ): Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:

Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացմանը, որը կայացավ ս.թ. հուլիսի 31-ին, մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, որն իրականացնում է USAID/PRP ծրագիրը:

Փոքր Վեդիի նոր կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները Հայաստանի ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար։

Կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ՝ Արարատի մարզի 25 համայնքների մոտ 2,500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

Սա այգեգործական ուղղվածություն ունեցող արդեն երկրորդ կենտրոնն է՝ հիմնված ԱՄՆ ՄԶԳ-ի և գործընկերների համատեղ ջանքերով: Առաջին կենտրոնը հիմնվել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքում 2015 թ. մայիսին: USAID/PRP ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կֆինանսավորի ևս երկու կենտրոնների հիմնումը Կոտայքի և Արագածոտնի մարզերում, որոնք կտրամադրեն անասնաբուժական ծառայություններ:

Տեսանյութեր

Լրահոս