Սահմանվեցին ԵՏՄ-ից ներմուծման չափաքանակները
Այսօր կառավարության նիստում սահմանվեցին ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրը առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
Այս որոշման դրույթները չեն տարածվում ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ նախարարությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ ապրանք է ներմուծվում. «Ձեր կառույցը գիտի ով է կահույք բերում իր ընտանիքի համար, ով՝ վերավաճառելու»:
Վարչապետը զգուշացրեց, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: Նա նկատեց, որ կարող է մի անգամ, երկու անգամ պատճառ ներկայացնեն, թե հորաքույրի և այլ ազգականի համար են բերում. «Բայց Դուք քաջ գիտեք»: