Վարդենիսի երեսառած ոստիկանը շարունակում է իր քաջագործությունը. «Ժողովուրդ»

«Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:

Իսկ ո՞վ է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Ծեծված Հակոբ Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն չտա. «Ես չգիտեմ՝ ով էր, բայց ոստիկան է, ու նրան Վարդենիսում բոլորն են ճանաչում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ևս հրաժարվեցին հայտնել ոստիկանի ով լինելը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ստացվում է, որ քաղաքացին խանութում իր համար հերթ է կանգնել, ոստիկանը ներս է մտել, վիճաբանություն սարքել, ու այժմ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ու եթե քննիչները խիղճները կորցնեն և քաղաքացուն մեղադրանք առաջադրեն, նրան սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հավելենք, որ մեզ հետ զրույցում Հ. Թովմասյանը նշել էր, որ ինքն ու որդին ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, և այս փաստը ոստիկանությունում չեն կարող թաքցնել, և նախաքննության ընթացքում նշանակված համապատասխան դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե ով ում է ծեծել: Մնում է միայն քննիչները բարեխիղճ գործեն»,– գրում է թերթը:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս