Ոստիկանությունը՝ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած ամուսինների սպանության մասին

Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի  և նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե  Մխիթարյանի   վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է   9 մմ տրամաչափի 3 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է  1971 թ. ծնված  Տիգրան Մ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:  Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում,  9 մմ տրամաչափի 1 գնդակ և  նույն տրամաչափի 1 պարկուճ: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս