«Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու փոխարեն Էրդողանն իր անձնական շահերն է հետապնդում
Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել և աջակցել է Սիրիա ներթափանցելու համար և բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում: Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա և հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից, Էրդողանը հրամայեց ցամաքային և օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ և «Իսլամական պետության» (ԻԼԻՊ)-ի կողմնակիցներ լինելու մեջ:
Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24-ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական օդակայանները՝ Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար:
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու կամ Միացյալ Նահանգների հետ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններում համագործակցելու փոխարեն, Էրդողանի իրական մտադրությունն է ամրապնդել իր սեփական իշխանությունը՝ հասնելու հետևյալ շահադիտական նպատակներին.
1. Թուրքիայի նախագահը գիտակցում է, որ եթե իր իշխող կուսակցությանը չհաջողվի ձևավորել կոալիցիոն կառավարություն, ապա նա պարտավոր է խորհրդարանական ընտրությունների նոր փուլ անցկացնել: Հետևաբար, խիստ գործողություններ ձեռնարկելով ԻԼԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ, Էրդողանը հույս ունի, որ թուրք ընտրողները լրացուցիչ քվեներ կտան իր կուսակցությանը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական մեծամասնության վերականգնման համար:
2. Մյուս կարևոր նպատակը, որի համար Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Սիրիան և Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բազաներն Իրաքում, ինչպես նաև ձերբակալում է հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում, ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելն է, այլև Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միավորման խափանումը, որոնք ցանկանում են ստեղծել անկախ Քուրդիստան:
3. Ռազմական գործողություններ իրականացնելով Սիրիայում, Էրդողանը հույս ունի հաջողեցնել Սիրիայի կառավարության տապալման և մարիոնետ ռեժիմի հաստատման իր վաղեմի երազանքը, դրանով իսկ ընդլայնելով իր՝ որպես նեոօսմանյան սուլթանի անձնական իշխանությունը:
4. Վերջապես, հանդուգն հայտարարություններ անելով ԻԼԻՊ-ի դեմ և թույլ տալով ամերիկացիներին օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, Թուրքիան մտադիր է համոզել Միացյալ Նահանգներին և Արևմտյան Եվրոպային, որ նա ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից է և հավատարիմ գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում: Նման դրական կերպարի ստեղծումը հատկապես կարևոր է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեծ տերություններն ավարտել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնությունը, որը կարող է բարձրացնել վերջինիս դերակատարությունը տարածաշրջանում և նվազեցնել Թուրքիայինը:
Հետամուտ լինելով այս չորս նպատակներին՝ Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի և հարևան պետությունների կայունությունը.
1. Հարձակվելով ԻԼԻՊ-ի թիրախների վրա Հյուսիսային Սիրիայում, իբր ի պատասխան սպանված թուրք զինվորի, Անկարան խզում է իր գաղտնի փոխըմբռնումը ԻԼԻՊ-ի հետ՝ խուսափելու փոխադարձ հարձակումներից: Այժմ ԻԼԻՊ-ը ստիպված է պատասխան հարված տալ: Անցյալ շաբաթ ինքնասպան ահաբեկչի հարձակումը թուրքական Սուրուչ քաղաքում, երբ սպանվեց 32 և վիրավորվեց 100-ից ավելի մարդ, թերևս ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության նախերգանքն է ամբողջ Թուրքիայի տարածքում:
2. Անցյալ շաբաթ Թուրքիան խախտեց հրադադարի համաձայնագիրը, որ ստորագրել էր ՔԲԿ-ի հետ 2013 թվականին, ռմբակոծելով վերջիններիս բազաները Հյուսիսային Իրաքում և ձերբակալելով հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում: ՔԲԿ-ն արդեն պատասխանել է՝ սպանելով մի քանի թուրք ոստիկանների և խոստանալով ավելի մեծ արյունահեղություն: Բացի այդ, հարձակվելով քրդերի վրա Սիրիայում և Իրաքում, Թուրքիան կթուլացնի այն միակ ուժը, որը հաջողությամբ պայքարում էր ԻԼԻՊ-ի դեմ: Քանի որ Միացյալ Նահանգները քուրդ զինյալներին դիտարկում է իբրև իրեն փոխարինող ցամաքային ուժեր, ապա թուրքական հարձակումները քրդերի դեմ կխոչընդոտեն ԱՄՆ ռազմական նպատակների իրագործմանը տարածաշրջանում:
3. Եթե Էրդողանը ներխուժի Հյուսիսային Սիրիա, «անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով, թուրքական զորքերը, ամենայն հավանականությամբ, շատ մեծ կորուստներ կունենան կռվելով ոչ միայն սիրիական բանակի, այլև քուրդ զինյալների և տասնյակ ջիհադական խմբավորումների դեմ: Թուրքիան կարող է բախվել նաև Իրանի զորքերին, որոնք օգնության կհասնեն իրենց սիրիական դաշնակցին, և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներին, որոնք սատարում են Ասադի վարչակարգին:
Թուրքիայի նախագահի ինքնանպատակ կեղծ պատերազմն ահաբեկիչների դեմ կարող է ողբերգական հետևանքներ ունենալ՝ բռնությունների աճ գրանցելով ամբողջ Թուրքիայում և հարևան երկրներում: Եթե Անկարան իրոք շահագրգռված է ջիհադականների դեմ պայքարում, ապա նա շատ վաղուց պետք է դա աներ՝ ԻԼԻՊ-ին և ահաբեկչական այլ խմբավորումներին զինելու և սադրելու փոխարեն: Թուրք ղեկավարները հնձում են այն, ինչ ցանել են: Նրանք կարող են մեղադրել միայն իրենց…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի