Բաժիններ՝

Նորից փորձենք, տեսնենք՝ ինչ կլինի

«Կապրենք՝ կտեսնենք: 2004-ից կար խորհուրդ, բայց դա որևէ ձևով օպտիմիզմ չէր ներշնչում, իսկ վերջին տարիներին նիստեր ընդհանրապես չէին գումարում: Բայց դա չէ էականը: Այս անգամ, եթե ամեն ինչ լուրջ գնա ու քաղաքական կամքի դրսևորում լինի՝ լավ, եթե՝ ոչ, ապա կլինի այն, ինչ եղավ 2004-ից մինչ հիմա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով այսօր առաջին նիստը գումարած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից ունեցած ակնկալիքների մասին:

Ըստ նրա՝ այն փաստը, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից գումար է հատկացվում փորձագետների խմբին, նույն մոտեցման դրսևորումն է՝ նորից փորձենք, տեսնենք՝ ինչ տեղի կունենա:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Վարչապետը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը՝ կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն և դրանից բխող միջոցառումները: Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար ԱՄՆ դոլար է, ՀՀ կառավարությունը մասնակցելու է ծրագրի համաֆինանսավորմանը մինչև 25 տոկոսի չափով, այդ թվում՝ բնաիրային տեսքով: Օժանդակությունն ուղղված է լինելու փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս