Կաթ չի ունեցել, որոշել է խեղդել երեխային. նորածնի մահվան մեջ մեղադրվող մայրը ճանաչվել է մեղսունակ. «Փաստինֆո»
Իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը մեղսունակ է ճանաչվել:
ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ստացվել է մահացած նորածին երեխայի մոր՝ Իրինա Յուրիի Իոսիֆովայի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը: Փորձագետները հաստատել են, որ հանցավոր արաքի պահին կինը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Ասել է թե՝ գիտկցել է իր արարքը և ճանաչվել է մեղսունակ:
Հիշեցնենք, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի բնակչուհի Իրինա Յուրիի Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել՝ մարտի 23-ին տնային պայմաններում ծնված իր նորածին երեխային սպանության համար: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:
Նորածնի մայրը նախաքննական մարմնին հայտնել էր, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արու զավակ, ապա խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով:
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից: Իոսիֆովան երեխային ծննդաբերելիս տանը մենակ է եղել: Ինքնուրույն է կտրել երեխայի պորտալալարը, իսկ հետո որոշել խեղդել նրան:
Դրա համար նա երեխային դեմքով հենել է իր նախաբազուկին՝ այդպիսով փակելով նրա բերանն ու քիթը, և շնչահեղձ արել: Իսկ տանը եղած արյան հետքերը մաքրելուց հետո թաքցրել է թե՛ արյունոտ շորորեը և թե՛ երեխայի դիակը, որոնք էլ հետագայում հայտնաբերվել են իրավապահների կողմից:
Կայքի տեղեկություններով, երեխայի մահվան մասին պատմելիս կինն ասել է, թե տեղյակ չի եղել, որ հղի է, իսկ երբ ծննդաբերել է ու փորձել կրծքով կերակրել երեխային, տեսել է, որ կաթ չունի, մտածել է, թե ոնց պիտի պահի նրան ու որոշել է սպանել: «Կաթ չունեի, ձև չունեի պահելու էդ երեխին»,- ասել է կինը՝ արդարացնելով իր արարքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: