Դանակի բազմաթիվ հարվածներից սպանված կինը հարվածե՞լ է ամուսնուն

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Է. Ավագյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ի սահմաններում իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` ապօրինաբար կնոջը զրկելով կյանքից:

Դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի և ամբաստանյալի աղջիկը. դատավարության մասնակիցները չառարկեցին նրա բացակայությամբ նիստը շարունակելու դեմ, դատարանն էլ գտավ, որ տուժողի իրավահաջորդի բացակայությունը խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար:

Դատարանում այսօր հարցաքննվեցին ամբաստանյալի երկու քույրերը, ինչպես նաև մահացած կնոջ քույրը:

Ամբաստանյալի քույրերից մեկը պատմեց, որ դեպքի օրը՝ 2014թ. օգոսոստի 25-ին, իրեն զանգահարել է հայրը և ասել, որ չի կարողանում բացել տան դուռը, ինքը մտածել է, թե տանը մարդ չկա, հորդորել նորից փորձել բացել դուռը, զանգել եղբորորդուն, ով ասել է, որ զբաղված է, սակայն նշել է, որ կգնա: Ըստ նրա՝ որոշ ժամանակ անց հայրը նորից է զանգահարել իրեն ու ասել, որ չի կարողանում բացել տան դուռը: Ինքը տեղ է հասել այն ժամանակ, երբ դուռն արդեն ջարդում էին: Ինքը մտածել է, թե եղբայրն իրեն վնասել է, սակայն տեսնելով այդ տեսարանը՝ զարմացել է, շոկային վիճակ է եղել: Նա նշեց, որ եղբորը տեսել է բազմոցին նստած՝ արնաքամ վիճակում, իսկ նրա կինն ընկած էր գետնին. «Սարսափելի բան էր ինձ համար դա, որովհետև ես չէի սպասում բոլորովին նման բան, որովհետև իրենք ժամանակին շատ սիրով են եղել, շատ»: Նա նշեց, որ հարսն իրենց նկատմամբ հարգանքով է եղել, բայց շատ սթրեսային է եղել, դյուրագրգիռ: Նա եղբորը բնորոշեց՝ որպես յուրահատուկ անձ, ով նվիրված է եղել իր ընտանիքին, հետագայում ֆինանսական խնդիրներ են ունեցել, եղբայրը «հարգանքից ընկել է», եղբայրն ասել է, որ կինը փոխվել է: «Էսի կյանք չի»,- ըստ նրա՝ ասել է մահացածը:

Հարցին, թե ո՞րն է եղել դեպքի պատճառը, վկան պատասխանեց, որ վկան մրջյուն չի տրորել: «Ինքն այդ բանը չէր կարող անել: Ես չգիտեմ՝ ինչ ձև է դրդել, ինչ է ասել, ինչ են արել»,- ասաց վկան՝ նշելով, որ եղբայրն իրեն ասել է, որ առաջինը կինն է իրեն հարվածել: Դատավորի հարցին՝ արդյոք եղբոր տանը տեսանկարահանող սարքեր կա՞ն, վկան բացասական պատասխան տվեց: Հարցին՝ ի՞նչ գիտի, ոի եղբոր կինն է հարվածել, նա պատասխանեց, որ եղբայրն է ասել, նա շատ ազնիվ է, ինչ ասում է, ճիշտ է ասում:

Մեղադրողի հարցին՝ արդյոք տուն մտնելուց հետո սպանվածի վրա արյան հետքեր տեսե՞լ է, վկան պատասխանեց, թե զարմացել է, որ մարմնի վրա ոչ մի արյան հետք չկար, միայն շրթունքի հատվածում չորացած գիծ էր: Իսկ եղբայրը, ըստ նրա, արյան մեջ է եղել: Դատավորն էլ նշեց, որ դեպքի վայրում դիակը լուսանկարվել է, և այն արյան մեջ կորած է, ինչին վկան արձագանքեց, որ ազնվությամբ է ասում, շուրթին էր միայն արյուն:

Վկան ասաց, որ հետագայում, երբ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է եղբորը, նա պատմել է, որ կնոջ հետ խոսել են, եղբայրն ասել է կնոջը՝ ճիշտը պատմիր: Սեղանին դանակ է եղել, կինը հարվածել է իրեն, երրորդ հարվածից «ֆշշոց» է եկել, կինն անգամ վախեցել է դրանից, կինը փորձել է դուրս գալ, ինքը նրան ներս է բերել, հարվածել կնոջը: Ըստ վկայի՝ եղբայրը հետո «մի կերպ» կապել է թևը, կտրել երակները՝ մտածելով, թե ում է այլևս պետք իր ապրելը: Մեղադրողը նշեց, որ եղբոր ասելով՝ ստացվում է՝ նա ինքնասպանության փորձ է կատարել, այդ դեպքում թևը կապելու և նոր երակները կտրելու իմաստը որն էր, վկան պատասխանեց, որ, ինչպես իրեն եղբայրն ասել է, ինքն այնպես ասում է:

Դատարանում ցուցմունք տվեց նաև ամբաստանյալի մյուս քույրը, նա էլ մանրամասն ներկայացրեց եղբոր ու նրա կնոջ հարաբերությունները, նշեց, որ իրենք կրկնակի ցավ են ապրում: Նա դեպքի վայրում չէր եղել, եղբայրը պատմել է, որ եղբայրն ու կինը խոսել են, ինքը դանակը դրել էր սեղանին, ասել՝ արի ճիշտը խոսենք: Ապա եղբոր կինը վերցրել է դանակը, հարվածել իրեն, կինը ցանկացել է դուրս գալ, ինքը քաշել է, ապա չի իմացել՝ ինչ է կատարվել: Հարցին՝ արդյոք հավատացե՞լ է եղբոր պատմածին, վկան դրական պատասխան տվեց:

Դատարանում հարցաքննվեց նաև մահացածի քույրը, ով ևս մանրամասն ներկայացրեց իրադարձությունների ընթացքը, նշեց, որ շատ անգամներ քույրն ու ամուսինը վիճել են, դեպքի օրվանից որոշ ժամանակ առաջ քույրը տեղափոխվել էր իր բնակարան: Եղել են դեպքեր, երբ կնոջ ամուսինը զանգահարել է, հայհոյանքներ տեղացել նրա հասցեին, երբ մի անգամ ամուսինը փորձել է հարվածել իր քրոջը, միջամտել է աղջիկը, և հայրն ապտակել է աղջկան:

Մահացածի քույրը պատմեց, որ քրոջ ամուսինն ամբողջ օրը նստած համակարգչի առաջ՝ ծխախոտի, երբեմն խմիչքի գումար է պահանջել, խաղադրույքներ կատարել: Նա նշեց, որ մինչև դեպքի օրն ամուսինը 4 անգամ կանչել է իր քրոջը հանդիպման:

Վկան ասաց, որ քույրը դեպքի օրն իրենց տանն ասել է. «Ոնց չեմ ուզում գնամ»:
Նա քրոջը բնութագրեց՝ որպես զուսպ, համեստ անձ, բացառեց, որ քույրը կարող էր որևէ մեկին դանակով հարվածել:

Տեսանյութեր

Լրահոս