«Իսկրա 1» արագաչափը ընթացքի ժամանակ չի ֆիքսում վարորդի մեքենայի արագությունը. Էդուարդ Հովհաննիսյան
«Իսկրա 1» արագաչափը ընթացքի ժամանակ չի ֆիքսում վարորդի մեքենայի արագությունը և հնարավոր չէ պարզել՝ արագությունը ճի՞շտ է չափված, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ով ճանապարհային ոստիկանությանը զգուշացրեց չօգտագործել «Իսկրա 1»-երը ընթացքի ժամանակ արագությունը չափելու համար:
Ըստ նրա՝ վարորդները տուգանվում են հիմնականում մի քանի խախտումների համար. «Հիմնական խախտումներն են՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով՝ կանգառ կատարելը, հոծ գծերի հատումը: Վերջերս մեծացավ լուսաֆորի կարմիր լույսերի հետ կապված խախտումների թիվը. կանոններում գրված է, որ երբ կանաչ լույսը դառնում է դեղին, ապա վարորդը եթե չի կարողանում առանց կտրուկ արգելակելու կանգնել գծի առաջ, կարող է շարունակել երթևեկությունը: ՃՈ-ն «կարող է»-ն մեկնաբանում է՝ «պարտադիր է». ով դեղին լույսի տակ մտնում է խաչմերուկ՝ տուգանվում է: Բայց դա հակասում է նաև կոնվենցիայի պահանջին, որովհետև կոնվենցիան ասում է՝ եթե այլ ուղղություններով մեքենաներն սկսել են շարժվել, ապա պետք է կանգ առնել. դա կլինի գծի առջև, հետիոտնային անցումի վրա, խաչմերուկում, կարևոր չէ, կարևորը կանգ առնելն է»: