«Նախնական գնահատմամբ, ՀԷՑ-ում 1.5-2%-ով կնվազեն կորուստները». Երվանդ Զախարյան
«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագիրը շարունակությունն է առ այսօր մշակված ծրագրերի:
Այս մասին այսօր «Մոսկվայի տուն» կենտրոնում ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հավելելով, որ հաշվի են առել տարածաշրջանային միտումները, Իրանի շուրջ զարգացումները: Նրա խոսքով՝ ծրագրի շուրջ լայն քննարկումներ են իրականացվել միաջազգային կառույցների, հանրային հատվածի, Հանրային խորհրդի հետ, նաև քննարկումներ կլինեն ԱԺ-ում:
Ըստ նախարարի՝ անցած տարի էներգահամակարգում վերլուծություն է իրականացվել և մշակվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի համակարգի կայունությունը:
Ե. Զախարյանը նշեց, որ մշակված է էլեկտրաէներգետիկական համակարգի էլէներգիայի արտադրման, ներկրման, արտահանման, բաշխման հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է ՀԷՑ-ում ֆինանսական վնասների ձևավորումը:
Նրա խոսքով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ: Նա նշեց, որ առաջարկվող միջոցառումների արդյունքում, նախնական գնահատմամբ, ՀԷՑ-ում 1.5-2%-ով կնվազեն կորուստները: