Բաժիններ՝

Կրասնոյարսկի երկրամասում վաղը Սգո օր է հայտարարվել

Կրասնոյարսկի երկրամասում հուլիսի 23-ին Սգո օր է հայտարարվել՝ կապված այսօր Կոզուլսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի ու բեռնատարի բախման հետ, ինչի հետևանքով զոհվել է 11 ու վիրավորվել 28 մարդ: Այդ մասին ասվում է երկրամասի պաշտոնական պորտալում:

Սգո օր հայտարարելու հրամանն ստորագրել է Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին:

«Սգո օրը երկրամասի ամբողջ տարածքում դրոշները կիջեցվեն: Բացի այդ՝ հեռուստառադիոընկերություններին, մշակույթի հաստատություններին ու այլ կազմակերպություններին առաջարկվել է զերծ մնալ զվարճալի միջոցառումներից, ուրախ հեռուստահաղորդումների ցուցադրությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Շարիպովոյից Կրասնոյարսկ ընթացող ավտոբուսի բախումը բեռնատարի հետ տեղի է ունեցել այսօր առավոտյան դաշնային М-53 մայրուղում: Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի սրահում գտնվել է մոտ 50 մարդ: Վիրավորների թվում կան նաև երեխաներ, սակայն նրանց թիվը չի նշվում:
Կատարվածի հանգամանքները դեռ չեն հաղորդվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս