«Ո՛չ թալանին»-ի նամակներից ոչ մեկին դեռ չեն պատասխանել. նրանք արդեն ունեն հետագա գործողությունների հստակ պլան
«Ո՛չ թալանին» նախաձեռնության տարբեր պետական կառույցներին ուղարկած նամակները դեռևս մնում են անպատասխան: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունն օրերս նամակներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պարզելու փոքր հէկ-երի, ջէկ-երի քանակը, ծախսերը, արտադրած էներգիայի չափը, ի՞նչ գնով են վաճառում, և այլն: Հուլիսի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նախաձեռնության անդամները նաև նամակ հանձնեցին (https://168.am/2015/07/14/516132.html) ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով երաշխիքներ տալ իրենց, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ իրենց լիազորությունների սահմաններից դուրս գործած ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն պատասխանեց «Ո՛չ թալանին»-ի նամակին՝ ասելով, որ նախաձեռնության նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Ս. Հովսեփյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ Դատախազությունն իրենց նամակին չի պատասխանել, ընդամենն իրենք լրատավամիջոցներից տեղեկացել են, որ Դատախազությունը նամակն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն. «Բայց դա չի նշանակում, որ մենք ունենք պատասխան»:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք Կառավարություն էլ էին նամակ ուղարկել, բայց օնլայն հետևում են, ու հիմա իրենց նամակն ուղարկվել է Էներգետիկայի նախարարություն, որը, Ս. Հովսեփյանի խոսքով՝ կապ չուներ իրենց նամակի հետ:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ այժմ ձեր նամակներին չեն պատասխանել, նախաձեռնության անդամն պատասխանեց, որ նամակներին պատասխանելու ժամկետները դեռ չեն լրացել:
Հարցին էլ՝ դուք հստակ պլան ունե՞ք՝ ինչ եք անելու օգոստոսի 1-ից, եթե ձեր նամակներին այդպես էլ սպառիչ պատասխաններ չլինեն, Ս. Հովսեփյանն այսպես պատասխանեց. «Միանշանակ, ամեն ինչ էլ ունենք, պարզապես այս պահին հրապարակելը սխալ է»: