Սպանության և խոշոր չափի ադամանդների մաքսանենգության գործի քննությունը շարունակվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության, խոշոր չափերով մաքսանենգության գործի քննությունը:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք հայ երիտասարդների՝ Հովհաննես Մելքոնյանին, Խոսրով Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին:

Դատարանում այսօր շարունակվեց և ավարտվեց փաստաթղթերի հետազոտումը. քրեական գործի հատորները կազմում են 11 հատոր: Դատարանում հրապարակվեց ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի կազմած զեկուցագիրը, որի համաձայն՝ ինքը գործուղվել է Բուդայ քաղաք, որտեղ Ոստիկանության ներկայացուցիչն իրեն է փոխանցել քրեական գործի նյութերը և լազերային կրիչ: Սեյմոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ զեկուցագրի՝ 2014թ. դեկեմբերի 15-ին քրեական գործը Բուդայից առձեռն բերվել է Հայաստան:

Փաստաբանի խոսքով՝ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված հանձնման մասին պայմանագրի համաձայն՝ քրեական հեապնդում իրականացվում է քրեական գործը հանձնելուց հետո. «Այսինքն՝ ըստ էության, մեր պետությունը, մեր գլխավոր դատախազը, դեռևս չունենալով քրեական գործը, մայիսի 27-ին քրեական գործ է հարուցել՝ ապօրինաբար, առանց քրեական գործի նյութերն իր տրամադրության տակ ունենալու ու այս մարդկանց այդ հիմքով  այդքան ժամանակ՝ մինչև քրեական գործի նյութերը ստանալը, ապօրինաբար բերել, կալանքի տակ են պահել, անընդհատ քրեական հետապնդում է իրականացվել»: Նա նշեց, որ այս զեկուցագիը հրապարակելու իր միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն են ներկայացնելու, քանի որ դրանք ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել:

Դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին ադամանդները ներկայացնել դատարան. դրանք ի պահ են հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկին: Խոսրով Մելքոնյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ իր պաշտպանյալը գաղափար անգամ չունի, թե ինչի համար են իրեն մեղադրանք առաջադրել. Խոսրով Մելքոնյանն էլ ասաց. «Բա չիմանա՞մ, ինչի համար եմ դատվում»:

Կարեն Հակոբյանն էլ ասաց, որ զննություն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ հափշտակված ու հայտնաբերված ադամանդների քանակի մեջ տարբերություն կա, կասկած է առաջանում: Նշենք, որ ըստ քննության տվյալների՝ «Զվարթնոց» օդանավակայանում զննությամբ հայտնաբերվել են 5.290.715 կարատ ադամանդները, մնացած 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:  Դատական նիստը կշարունակվի հուլիսի 28-ին:

Տեսանյութեր

Լրահոս