Հայաստանը մաս կկազմի՞ «BMW»-ի ու «Մերսեդես»-ի արտադրական շղթային
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը գտնում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից դեռ շատ ժամանակ չի անցել, ընդամենը կես տարի, ինչը բավարար չէ արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար: Այսօր հրավիրված արդյունաբերական համաժողովի ժամանակ Է.Տարասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվում է հիմնական ուղղությունների և խոշոր արդյունաբերություն ունեցող ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության ձևաչափը, որոնցից մեկը կոոպերացիան է:
«Այսինքն, հասկանալով, որ մենք տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունենք, ծանր նյութերի և մեծ հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը այն մասին է, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս և մասնակցի: Օրինակ՝ եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ «BMW», «Մերսեդես», Հայաստանը մասնակցի, կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային: Ես մի ուղղություն ասացի, բայց խոսքը գնում է մի քանի ուղղությունների մասին՝ շինարարության, թեթև արդյունաբերության և այլ մասին, որոնցով Հայաստանը հետաքրքիր է ԵՏՄ-ին: Այդ մասով մենք հայտ ենք ներկայացնում, որ մասնակցենք ու մաս կազմենք խոշոր արտադրություններին»,- ասաց Է. Տարասյանը:
Հարցին, թե ԵՏՄ հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին էլ բարձրացնում է ԵՏՄ-ի հետ ՀՀ-ի ընդհանուր սահմաններ չունենալու հարցը, ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, արդյոք կառավարությունը թաքցրե՞լ է այդ խնդիրները, փոխնախարարը վստահեցրեց, թե թաքցնելու ոչինչ չկա: Ըստ նրա՝ խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված, որոնք ձևակերպվում են հենց տրանզիտ փոխադրման ժամանակ և երկակի հարկում է տեղի ունենում, իսկ դրանից խուսափելու, նմանատիպ խնդիրներից մեր սուբյեկտներին զերծ պահելու հարցերը քննարկման առարկա են:
«Մենք պետք է խնդրենք, որ դա օրակարգային հարց սարքեն ու սեղմ ժամկետներում լուծում տան»,- ասաց նա:
Է.Տարասյանը չհամաձայնեց, որ ԵՏՄ-ում խնդիրները բազմաթիվ չեն, նշեց, որ դրանք տեխնիկական են, որոնք կարող են լուծվել ժամանակի ընթացքում և չլուծվող խնդիրներ չկան:
Ի դեպ, համաժողովն ընթանում էր ռուսերեն լեզվով՝ առանց համընթաց թարգմանության: Այս հանգամանքը Է.Տարասյանը բացատրեց նրանով, որ քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով, նեղ մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ կան, որովհետև օգտագործվում է հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինոլոգիան, ինչի համար համաժողովի սկզբում ինքը ներողամտություն է խնդրել: