«Խորհրդարանական համակարգին անցնելը կնպաստի կուսակցությունների զարգացմանը». Խոսրով Հարությունյան
Ինչպես հայտնի է, օրերս հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-7-րդ գլուխները, որով առաջրկվում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգից՝ խորհրդարանականի: Այսօր լրագրողներից մեկն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ նման որակի կուսակցություններ ունենալով՝ որքանո՞վ է նպատակահարմար համամասնական համակարգին անցնելը:
Ի պատասխան լրագրողի հարցին՝ Խ. Հարությունյանը համաձայնեց, որ այսօր մեր հանրության մասնագիտական, քաղաքական, քաղաքացիական որոշակի փորձառություն ունեցող ոչ ամբողջ պոտենցիալն է գտնվում կուսակցություններում:
«Բայց համաձայնեք, որ կուսակցությունները հանրային կյանքի կառավարման առանցքային ինստիտուտներն են, և նրանք կայացման լուրջ ուղի պետք է անցնեն, և կուսակցությունների կայացման ճանապարհը ոչ այնքան պայմանավորված է համամասնական ընտրական համակարգով, որքան խորհրդարանական կառավարման համակարգով, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգում առանցքային դերակատարը կուսակցությունն է:
Եվ այդ տեսակետից՝ այն կնպաստի կուսակցությունների զարգացմանը, համոզված եմ, որ մինչև կառույցին չդնենք պատասխանատվության տակ, նա չի աճի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծել պայմաններ՝ նպաստելով կուսակցությունների կայացմանը: