Ովքե՞ր են փորձում մոլորեցնել մեր բնակչությանը
Պարզվում է, որ մեր Հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանին շատ է ուրախացրել, որ 83-րդ երկիրն է միացել ալյուրի ֆորտիֆիկացման համաշխարհային ծրագրին: Պրն Ասլանյանը հավանաբար մոռացել է, որ ինքը վաղուց արդեն FFI-ի անդամ ԱՀԿ պաշտոնյա չէ, այլ Հայաստանի ԱՆ հանրային առողջապահության բաժնի պետ, ով առաջին հերթին՝ պարտավոր էր ուսումնասիրել առաջարկվող ծրագրի ռիսկերը, և օրինակ, երկաթի ավելցուկի առաջացման անհնարինության մասին սուտ հայտարարություններ անելու փոխարեն՝ վստահեր ԱՄՆ Երկաթի խանգարումների ինստիտուտին, որն ուղղակի ասում է, որ երկաթի ավելցուկ կարող է առաջանալ նաև երկաթով հարստացված սնունդ օգտագործելու պատճառով (տես՝ նշում 1-ը):
Նշենք, որ մեր երկրում անպտուղ կամ պտղատու բանավեճեր չեն ստացվում, քանի որ Առողջապահության նախարարությունը հրաժարվում է մեզ հետ հրապարակային հանդիպումներից՝ ԱՐ հեռուստաընկերության «Ճանապարհ» (տես՝ նշում 2-ը) հաղորդումից հետո, որի ընթացքում պրն Ասլանյանն ինքը հայտարարեց, որ Չիլիում քաղցկեղի աճի պատճառը ֆոլաթթվի բարձր դոզան է եղել: Մեզ նախատեսում են մեկ մարդու հաշվով հենց նույն դոզայով ֆոլաթթու տալ: (41-րդ րոպեից) Նույն հաղորդման 14-րդ րոպեին նա նույնն ասում է Էբինգի հետազոտության մասին, որը ֆոլաթթու ստացածների մոտ քաղցկեղի և մահացության զգալի աճ է ցույց տվել: Էբինգի հետազոտության մեջ այդ քաղցկեղածին դոզան 0,8մգ է՝ ԱՄՆ-ում սահմանված թույլատրելի քանակից քիչ: Ալյուրի ֆորտիֆիկացման օրենքի ընդունման դեպքում օրական այդպիսի քանակ ստանալը միանգամայն հնարավոր է: Նախարարության հայտարարությունը բացահայտ սուտ է, որի նպատակը հանրությանը մոլորեցնելն է:
(Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները (տես՝ նշում 3-ը):
Երևի մեր բախտը բերել է, որ պրն Ասլանյանին չի հետաքրքրել այն փաստը, որ մոտ 69 երկիր մուսուլմանություն է ընդունել, մոտ 1,6 միլիարդ մարդ մուսուլման է և թլպատվում է: Ասում են՝ թլպատվելն օգտակար է առողջության համար: Գոհ պիտի լինենք, որ մեզ դեռ չեն առաջարկել հետևել այդ 1,6 միլիարդ մարդկանց օրինակին, մանավանդ որ, հուդայականներն էլ են թլպատվում:
Իհարկե, զարմանալի չէ, որ Ասլանյանը զարգացած երկրները շփոթել է բարձր եկամուտ ունեցողների հետ, բայց, որ կարծում է, որ եվրոպական զարգացած երկրները կամ Ճապոնիան, Իսրայելը (Հանրային առողջապահության ժամանակակից, առավել արդյունավետ ռազմավարություններից) գաղափար չունեն, ծիծաղելի է:
Պրն Ասլանյանը երևի մոռացել է, որ առողջապահական լավագույն համակարգեր ունեն ոչ թե ալյուրը ֆորտիֆիկացնող, այլ այն մերժած երկրները, օրինակ՝ Դանիան և Շվեդիան, որոնք անվտանգության նկատառումներով 1987թ. և 94թ. դադարեցրել են երկաթով ալյուրի ֆորտիֆիկացումը և սահմանափակել ֆորտիֆիկացված մթերքի մուտքը երկիր, Ֆրանսիան և Շվեյցարիան, որոնք ընդհանրապես արգելել են երկաթի սուլֆատ պարունակող դեղերի վաճառքը, և այլն:
Հ.Գ. Պրն Ասլանյան, եթե այդ (դեմ հանդես եկող 2-3) անհատները, որոնք, ի դեպ, արդեն 10000-ից ավելի քաղաքացիների ստորագրություններ ունեն, ցանկանային փողոցային պայքարի հանել իրենց կողմնակիցներին, ինչի անհրաժեշտությունն առայժմ չեն տեսնում, ստիպված կլինեիք հրապարակային ընդունել, որ այս օրինագծին դեմ են ոչ թե մի քանի անհատ, այլ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Դադարեցրեք բացարձակ ստերի և ապատեղեկատվության միջոցով մեր հասարակությանը մոլորեցնելու փորձերը, գոնե ազնվություն ունեցեք հայտարարելու, որ տարբեր երկրներում ալյուրի ֆորտիֆիկացման միակ դրական էֆեկտը եղել է ՆԽԱ դեպքերի 30-50 տոկոսով կրճատումը, ինչն անհամեմատ փոքր է մեծաքանակ խմբերի առողջությանը պատճառվող բազմաթիվ վնասներից:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
(1) http://www.irondisorders.org/iron-overload
(2) https://www.youtube.com/watch?v=wL5Nb9wamoo&feature=youtu.be