Բաժիններ՝

«Մեր քաղաքական մշակույթին չի համապատասխանում սահմանադրական բարեփոխումների այս նախագիծը». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը դեմ է, որ Սահմանադրության այս նոր նախագիծը հանրաքվեի ներկայացվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իշխանությունները մեզ հրամցնում են մի բան, որը շատ դժվար ընկալելի է լինելու ժողովրդի լայն խավերի համար. «Այստեղ ես տեսնում եմ ավելի շատ մարտահրավերներ, քան այլ բան»:

Լ. Ալավերդյանի համոզմամբ՝ մեզ նման երկրի համար ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք ժողովրդի վստահությունն այս համակարգով ընտրված իշխանության նկատմամբ ավելի՞ է լինելու, թե՞ ոչ: Նա կարծում է՝ ավելին չի լինելու:

«Սահմանադրությունը լոկ իրավաբանների գործը չէ, այստեղից է գալիս այն ամենը, ինչ տեղի է ունենում: Ես այդտեղ չեմ տեսնում ընդգրկված բարձր որակի քաղաքագետներ, հասարակագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, ինձ համար դա ամենաթույլ կողմն է այս գործընթացի: Սահմանդրությունը տեսական նյութ չէ, այն հոգեկերտվածքը կերտող փաստաթուղթ է, և այս առումով՝ ես ունեմ խնդիր, ասելիք բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են այս նյութը խմբագրելու գործընթացում»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ այս ամեն ինչն արվելու է այս Ազգային ժողովի կողմից.

«Հետևությունները թողնում եմ ձեզ»:
Լ. Ալավերդյանի համար նաև ընդունելի չէ այս սահմանադրական փոփոխությունների գործընթացի շտապողականությունը: Նա կարծում է՝ մեր քաղաքական մշակույթին չի համապատասխանում այս նախագիծը:

168.am-ի հարցին՝ ինչո՞վ է այդ շտապողականությունը պայմանավորված, Լ. Ալավերդյանը պատասխանեց, որ կարծում է՝ հանրության ուշադրությունը երկրի հիմնական խնդիրներից շեղելու միտում կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս