Արա Բուդաղյանը կմնա կալանքի տակ. փաստաբանը պատրաստվում է բողոքարկել
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:
Փաստաբանը բողոքարկել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Արա Բուդաղյանը երկու ամսով կալանավորվել էր:
Որոշման հրապարակումից հետո Հայկ Ալումյանն ասաց, որ դատական ակտը բողոքարկելու է՝ Վճռաբեկ, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաև ասաց, որ անձին կարելի է կալանավորել, եթե կա վտանգ, որ նա քննության ընթացքում կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել:
«Որևէ նման հիմք այստեղ չի ներկայացվել:
Քննիչը և դատախազը պարզապես վկայակոչում են այն փաստը, որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ: Բայց մեղադրվել դեռ չի նշանակում՝ մեղավոր լինել, և ցանկացած մարդ, ով մեղադրվում է, չի նշանակում, որ պիտի կալանավորվի: Մեզ մոտ, ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ տված է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատական նիստի ընթացքում վկայակոչել է Ժիրայր Սէֆիլյանի գործով ՀՀ-ի դեմ կայացված վճիռը, որտեղ, ըստ նրա, համանման իրավիճակում Ժ. Սէֆիլյանին կալանավորելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է խախտում.
«Ցավոք, մեր դատարաններն անգամ իրենց սխալների վրա չեն սովորում: Դա վատագույն տարբերակն է: Խելացիները սովորում են ուրիշների սխալների վրա, ոչ այնքան խելացիները սեփական սխալի վրա են սովորում, մեր դատարաններն անգամ սեփական սխալի վրա չեն սովորում, իսկ դա արդեն շատ վատ բան է: Մեր դատական համակարգը կալանվորման հետ կապված գործերով այդպես էլ ոչ մի քայլ առաջ չի գնացել, մնացել է նույն տեղերում, որից սկսվել էին այդ կոչեցյալ բարեփոխումները»: