
Էդգար Ստեփանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը 40 կմ խմբակային մրցավազք՝ Սկրատչ մրցաձևում: Հայաստանի հավաքականը ներկայացել է 2 հեծանվորդով:
Մեր երկու մասնակիցներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս էին եկել եզրափակիչ: Այս փուլում հիանալի արդյունք գրանցեց 18-ամյա Էդգար Ստեփանյանը: Հայ երիտասարդ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Ցանկանում ենք ընդգծել, որ հեծանվավազքի Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր: Էդգար Ստեփանյանի շնորհիվ Աթենքի հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի հիմնն ու բարձրացավ մեր երկրի դրոշը:
Մեր մյուս մասնակից Պավել Ստեփանյանը ևս լավ արդյունք ցույց տվեց ՝ գրավելով 10-րդ տեղը:
Սիրարփի Աղաբաբյան