Բաժիններ՝

Եթե այդ երկաթգիծն աշխատի, ապա մենք կարող ենք մինչև Շանհայ հասնել՝ առանց գնացքից դուրս գալու. Լևոն Շիրինյան

«Այս համաձայնագրով տարածաշրջանում փոխվում է տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը: Հայ փորձագետները չպետք է այդպես ոգևորվեն, քանի որ քաղաքական գործընթացի գնահատման իմաստով՝ դժվար ընթացող գործընթաց է սպասվում: ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահել այդ գործընթացը կառավարելի դարձնել: Պետք է կարողանանք հավասարակշռության մեջ տեղավորվել և պատրաստվել, որպեսզի դուրս չմնանք այդ գործընթացից: Հայաստանում և Իրանում կլինեն ուժեր, որոնք կփորձեն խանգարել այս գործընթացին: Խանդի տեսարաններ կլինեն նաև Ռուսաստանի կողմից»,-այսօրվա ասուլիսին, խոսելով Իրան-Վեցյակ համաձայնագրի մասին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Բանախոսը զգուշացրեց՝ Իրան-Թուրքիա հարաբերությունների հակասությունները չպետք է մեզ ոգևորեն. «Նրանք ունեն համագործակցության պատմական հրաշալի փորձ և իրար լավ կհասկանան: Պետք է կարողանանք տեղավորվել մեր աշխարհագրական միջավայրում: Իրանը պետք է շահագրգռված լինի՝ օգնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, որ լինենք այն դերակատարը, որն իրեն խիստ անհրաժեշտ է տարածաշրջանում՝ գերտերության կարգավիճակի հասնելու համար»:

Ըստ քաղաքագետի՝ Իրանի հետ կարող ենք համագործակցել տնտեսական և քաղաքական առումով. «Իրանն ու Հայաստանը, եթե համագործակցեն Ռուսաստանի հետ, ապա կարելի է վերագործարկել Նախիջևանի երկաթգիծը, որը մերն է, քանի որ Նախիջևանը Հայաստանից խլված տարածք է՝ Մոսկվայի կամքով, և մենք պետք է պարտավորեցնենք մեր ստրատեգիական դաշնակցին օգնել մեզ այս հարցում: Եթե այդ երկաթգիծն աշխատի, ապա մենք կարող ենք մինչև Շանհայ հասնել՝ առանց գնացքից դուրս գալու:  Այս երկաթգիծը պետք է բացվի, ոչ մի երկաթգիծ կառուցելու կարիք չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս