«Լիվերպուլը» կգնի Բենտեկեին, բրազիլացին Չինաստանում է. տրանսֆերային նորություններ
Վիդալը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:
Gazzetta dello Sport-ի տեղեկության համաձայն՝ հինգշաբթի «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մորատան այցելել է Գերմանիա, որպեսզի ավարտին հասցնի Վիդալի գործարքը: Դեռ չորեքշաբթի չիլիացին պայմանավորվել էր «Բավարիայի» հետ 4-ամյա պայմանագրի մասին: Ֆուտբոլիստի տեղափոխման համար «Յուվենթուսը» կստանա 40 մլն եվրո և կսկսի զբաղվել Օսկարով, ով պետք է փոխարինի Արթուրոյին:
«Լիվերպուլը» ակտիվացրել է Բենտեկեի ձեռքբերման գործընթացը:
«Կարմիրները» այնպես էին վախեցել «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակցությունից, որ արդեն հաջորդ օրը ակտիվացրին Բենտեկեի ձեռքբերման գործընթացը: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես պատրաստ է վճարել «Ասթոն Վիլլային» պահանջվող 46 մլն եվրոն, սակայն ֆուտբոլիստն ավելի հակված է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
Կերժակովը կարող է ավարտել կարիերան և անցնել աշխատանքի Ռուսաստանի Ֆուտբոլի Միությունում:
Անդրե Վիլաշ-Բոաշին այլևս պետք չէ Կերժակովը, բայց հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ: Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն առաջարկել է Ալեքսանդրին կարիերայի շարունակման այլընտրանքային տարբերակ: Կերժակովը ՌՖՄ-ում կզբաղվի մանկական ֆուտբոլով:
«Ինտերը» և «Շալկեն» համաձայնեցրել են Շաչիրիի տրանսֆերը:
«Ներաձուրիներին» այլևս պետք չէ շվեյցարացին, որոնք այս ամառ կբաժանվեն ֆուտբոլիստից: Ավելի վաղ «Ինտերը» ցանկանում էր վաճառել Շաչիրիին «Սթոքին», բայց վերջինս չցանկացավ միանալ անգլիական ակումբին: Ամենայն հավանականությամբ, Շաչիրին կվերադառնա Գերմանիա: Corriere dello Sport-ը պնդում է, որ «Ինտերը» և «Շալկեն» պայմանավորվել են Ջերդանի տրանսֆերի վերաբերյալ:
Ռոբինիոն գնաց Չինաստան:
Ամռանն ավարտվեց Ռոբինիոյի պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ, և բրազիլացին դարձավ ազատ գործակալ: Առաջիկա կես տարին հարձակվողը կլինի Չինաստանում և կխաղա «Գունչժոու Էվերգրանդե» ակումբում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը