Կյանքից զրկելը կմնա՞ սահմանադրական նորմ
Սահմանադրության նոր նախագծի 23 հոդվածի 2 կետն ասում է՝ «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ հանձնաժողովին պետք է օգնել այս կետի ավելի լավ ձևակերպում գտնել:
Ըստ նրա՝ կյանքի իրավունքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից է, և կյանքից զրկելու մասին թվարկված է 3 կետ, որոնք սկզբում ամբողջությամբ ներառվել էին սահմանադրական փոփոխությունների մեջ, բայց հանձնաժողովում բուռն քննարկումներ եղան «բ» և «գ» կետերի հետ կապված՝ օրինական ձերբակալում իրականացնելու կամ փախուստը կանխելու համար, կամ խռովությունը/ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար: Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ «բ» և «գ» կետերը այս տեսքով ամրագրել չի կարելի:
Պողոսյանը նշեց, որ հարցը փակված չի և, իր կարծիքով, անհրաժեշտ է գտնել ավելի ճիշտ ձևակերպումներ և նորից անդրադառնալու են այդ հարցին, բայց եթե անգամ այս կերպ ներառվի սահմանադրությունում, չի կարելի պնդել, որ սպանությունը լեգիտիմացնում են ոչ օրինական նկատառումներով և դրան առաջին խոչընդոտ կոնվենցիան է լինելու: Ամեն դեպքում նա չհերքեց, որ կյանքից զրկելը կմնա սահմանադրական նորմ: