«Լույս»-ի ուսանողների կողմից Շուշիում ջազային համերգ կկազմակերպվի

Այսօր, Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղակայված «Արամ Մանուկյան» մանկապատանեկան ճամբար էին այցելել կրթական «Լույս» հիմնադրամի ուսանողների 14 հոգանոց պատվիրակությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի ղեկավար Հայկ Տեր-Ներսիսյանը տեղեկացրեց, որ այցի նպատակը «Լույս» հիմնադրամի զարգացման ծրագրի շրջանակներում Շուշիի երեխաների հետ բնապահպանական թեմատիկայով միջոցառումների կազմակերպումն է:

« Երկար մտածում էինք թե ինչպիսի հետաքրքիր միջոցառում կարելի է կազմակերպել որպեսզի երեխաների համար և հետաքրիր և օգտակար լինի: Որոշեցինք երեխաներին հանձնարարել, որպեսզի բնության պահպանման մասին իրենց պատկերացումների վերաբերյալ էսքիզներ պատկերեն:

Այնուհետև, մտադիր ենք հաջողված աշխատանքները տեղադրել քաղաքի տարբեր փողոցների տեսանելի վայրերում»,- մանրամասնեց Հայկ Տեր-Ներսիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառումը կծառայի այն նպատակին , որպեսզի բնության պահպանման անհրաժեշտությունը վաղ տարիքից սերմանվի և արմատանա երեխաների գիտակցության մեջ:

« Լույս» հիմնադրամի ուսանողների արցախյան պատվիրակության ղեկավարը հաղորդեց նաև, որ հուլիսի 22-ին նախատեսում են նաև Շուշիի Վաչագան Իշխանյանի անվան մարզադաշտում նախատեսում են բնապահպանական թեմատիկայով երիտասարդական փառատոն կազմակերպել, որի շրջանակներում կկայանան տարաբնույթ խաղեր , կկազմակերպվի նաև ջազային համերգ:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` Սովորել, Գործել, Համաստեղծել: Սովորել- Ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: Կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար: Գործել- Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարելու իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:

Համաստեղծել-Կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ: «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: «Լույսի» ուսանողները կիրառում են իրենց հմտությունները և գիտելիքը` անմիջականորեն մասնակցելով «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:

Տեսանյութեր

Լրահոս