
Գյումրիում կինը ավտոբուսի ընթացքի ժամանակ առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին

Tsayg.am-ը գրում է. Ո՞վ է ներմարզային երթուղիների սպասարկման պատասխանատուն, ո՞վ` վերահսկողը: Որտե՞ղ է ավարտվում սպասարկող ընկերությունների բարեխղճությունն ու դժբախտ պատահարների պատճառ դառնում: Օրեր առաջ Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսի արգելակները խափանվել են` Կրաշեն գյուղից դեպի Գյումրի ընթանալիս: 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: