Հասմիկ Պողոսյանը չգիտի՝ ինչո՞ւ այսքան երկար պաշտոնավարեց
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն կարծիքին է, որ շատ ծրագրեր են իրականացնում, սակայն հասարակությունը չի գնահատում. «Որովհետև հասարակությունն այլ է դարձել, գնում է առավել բացասական ինֆորմացիայի հետևից, քան դրական ձեռքբերումներն է նկատում: Ցանկացած դրական ինֆորմացիա հիմա մարդկանց չի հետաքրքրում: Ու քանի որ ամեն դրական երևույթ երկարատև աշխատանքի արդյունք է, մենք համբերություն էլ չունենք սպասելու այնքան, մինչև դա տեսանելի կդառնա: Հասարակությունն ընկալում է միայն այն, ինչ տեսնում է աչքով ու լսում ականջով: Իրական աշխատանքն այն ծրագրային քաղաքական ուղություններն են, որ, այսպես ասած, տակից աշխատում են, ու հանրությունն ամեն վայրկյան դա տեսնել չի կարող: Բայց կան, իհարկե, դեպքեր, երք քեզ մի հարց տանջում է, ու դու դրա լուծումը ոչ մի կերպ չես գտնում: Հենց հիմա իմ ծրագրերում կա նման մի ոլորտ, որը ես փորձում եմ հասկանալ, գտնել լուծման տարբերակները, նույնիսկ զրուցում եմ տարբեր մասնագետների հետ, բայց միևնույն է՝ ելք չեմ կարողանում գտնել»:
«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում նա նաև ասել է, թե չի կարող բացատրել նախարարի պաշտոնում իր երկարակեցության գաղտնիքը. «Այդ հարցի իրական պատասխանը կտա, թերևս, միայն ժամանակը: Սպասենք- տեսնենք՝ ժամանակն ի՞նչ կասի այս մասին»,- ասել է նա:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում կամ 168.am կայքում՝ օրվա ընթացքում