Բաժիններ՝

Իրանը մի քանի տարի հետո միայն կարող է դառնալ մրցակից Ռուսաստանին. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հաշվի առնելով այս պատժամիջոցների ընթացքում Իրանի տնտեսության կրած վնասները՝  առնվազն մեկ տարի հարկավոր է, որպեսզի Իրանը կարողանա վերականգնել նախկին հզորությունը. «Ազդեցությունը՝ Հայաստանի հետ կապված ծրագրերի վրա, հավանաբար նկատելի կլինի երկրի ներսում խնդիրները լուծելուց հետո միայն: Իրանի համար այժմ առաջնայինը ներքին տնտեսական խնդիրների լուծումն է»:

168.am-ի այն հարցին, թե այս համաձայնագիրը մրցակցություն չի՞ ստեղծի Ռուսաստանի և Իրանի միջև, հատկապես՝ էներգետիկ դաշտում, արևելագետը պատասխանեց.

«Իրանական մուտքը Էներգակիրների շուկա որոշակիորեն կբարդացնի Ռուսաստանի դիրքերն այդ շուկայում և Իրանն, ինչ-որ առումով, կարող է հանդիսանալ նաև մրցակից: Բայց խոսքը հեռանկարի մասին է, որովհետև իրանցիները նախ՝  իրենց տնտեսությունը վերականգնելու խնդիր ունեն (մասնավորապես, եթե խոսքը գազային համակարգի մասին է), և երկրորդ՝  Իրանը չունի այնպիսի ենթակառուցվածքներ, որոնց միջոցով հնարավորություն կստանա այլընտրանքային գազ ապահովել այն շուկաներում, որտեղ ռուսական ներկայությունը ակնհայտ է և, ինչ-որ առումով, նաև՝  մենաշնորհային: Այս տեսանկյունից՝ Իրանը մի քանի տարի հետո միայն կարող է դառնալ մրցակից, չնայած երկու կողմերից էլ (հատկապես իրանական կողմից ) կան վստահեցումներ, որ չեն պատրաստվում դառնալ մրցակիցներ: Բայց իմ կարծիքով, համապատասխան պայմանների դեպքում՝ կլինի այդպիսի մրցացություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս