Բաժիններ՝

Նաիրիտցիներն իրենց խաբված են զգում և պատրաստ են կտրուկ քայլերի

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց հայտարարեցին, որ պատրաստվում են կտրուկ գործողությունների գնալ՝ նստացույց անել,  գլխավոր փողոցներ փակել, հացադուլ հայտարարել և այլն: Բանն այն է, որ նրանց պարտքերը կառավարությունն այդպես էլ չվճարեց, ինչպես խոստացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այսօր հուլիսի 16-ն է, իսկ վարչապետը մոտավորապես մեկ ամիս առաջ խոսք էր տվել նաիրիտցիներին, որ մինչև հուլիս 15-ը բոլորի պարտքերը կմարվեն, սակայն մինչ  օրս նաիրիտցիները դեռ ոչ մի գումար չեն ստացել: Այժմ նաիրիտցիները նորից փողոց են դուրս եկել՝ կրկին 2 պահանջով՝ պարտքերի մարում և գործարանի վերագործարկում:

Կառավարության այսօրվա նիստում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց (https://168.am/2015/07/16/516641.html), որ եթե նաիրիտցիները սպասեն մինչև ամսվա վերջ՝ աշխատավարձն ամբողջությամբ կստանան, հակառակ դեպքում՝ այսօրվանից սկսած, ով դժգոհություն չունի՝ կստանա իր հասանելիք աշխատավարձը։ Այս հայտարարությունը, սակայն, ոչ միայն չհանգստացրեց նաիրիտցիներին, այլև ավելի զայրացրեց:

168.am-ի հետ զրույցում գործարանի բազմաթիվ աշխատակիցներ իրենց դժգոհությունը հայտնեցին նախարարի այս հայտարարության հետ կապված՝ նշելով, որ իրենք չեն հավատում այլևս նրա ոչ մի խոսքին: Մեզ հետ զրույցում նաիրիտցիները նշում էին, որ իրենք ևս մեկ անգամ իրենց  խաբված են զգում կառավարության և վարչապետի կողմից ու այս անգամ արդեն պատրաստ են շատ ավելի կտրուկ գործողությունների՝ ընդհուպ մինչև քաղաքի գլխավոր փողոցների փակումը:

«Վարչապետն իր խոսքում անցյալ անգամ նշեց՝ «ես անձամբ կարող եմ ժողովրդին ասել, որ մինչև հուլիս 15-ը ձեր փողերը կմարվեն, բայց ի՞նչ եղավ: Պայքարի շատ միջոցներ կան, նստացույց, փողոց փակել, հացադուլ, տեսնենք՝ ինչ են ասում, ըստ այդմ կորոշենք»,- մեզ հետ զրույցում ասաց նաիրիտցիներից մեկը:

Գործարանի համակարգող խումբը որոշեց հանդիպում պահանջել Երվանդ Զախարյանից, որը պետք է նրանց հստակ պարզաբանի՝ ի՞նչ է նշանակում մինչև ամսվա վերջ սպասելը: «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտարարեց, որ նաիրիտցիները հանգիստ սպասեն նախարարի հետ հանդիպմանը, որից հետո հստակ կորոշեն իրենց հետագա քայլերը:

Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս