Բաժիններ՝

Իրան-Հայաստան երկաթուղու չկառուցումը չպետք է կապել պատժամիջոցների հետ. Վահե Բոյաջյան

«Իրան-Հայաստան  երկաթուղի կառուցելու գաղափարը ծագել է Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների տարիներին, ուստի պատժամիջոցների վերացումը քիչ հավանական է, որ խթանի երկաթուղու կառուցումը»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանն` խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Իրան-Հայաստան երկաթուղու հեռանկարայնության շուրջ:

Նա նշեց, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ օրվա հարց չէ, որպեսզի կողմերը պայմանավորվեն մեկ օրում և սկսեն կառուցել այն, քանի որ նման ծրագրերում  բազմաթիվ ուժեր են ներգրավված և մինչ պատժամիջոցների վերացումը Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ոչ միայն իր հատվածը կառուցել, այլև օժանդակել Հայաստանին: «Եթե մենք ասենք՝ պատժամիջոցները վերացան, Իրանն ավելի մեծ գումարներ կտրամադրի, գուցե, բայց դա ևս բանակցությունների հարց է։ Այսինքն` պետք է նստեն և երկկողմ բանակցեն. Չինաստանն էր պատրաստակամություն հայտնել, ՌԴ նախագահն էր խոսել այդ մասին, այսինքն` այս հարցը ևս կապված չէ պատժամիջոցների հետ, որովհետև դրանք տարիներ շարունակ եղել են և այդ երկաթգծի գաղափարը ծագել է պատժամիջոցների  տարիներին և որոշակի քայլեր բանակցությունների մակարդակով արվել են. ընկերություն է վարձվել, որը կգնահատի այդ պրոյեկտի շահութաբերությունը և ռիսկերը, այսինքն` պատժամիջոցները գործելու ժամանակ քայլեր արվել են: Թե ինչո՞ւ դրանք չեն բերել  շոշափելի արդյունքների, դժվար է ասել: Սկզբում նշվում էր, որ երկու տարվա ընթացքում կսկսվի շինարարությունը, երկու տարին դարձավ հինգ տարի… Չեմ կարծում, որ ծրագրի իրականացման հարցում առաջընթաց պետք է սպասել  պատժամիջոցների վերացումից  հետո: Այդ երկաթգծով նույնիսկ Հայաստանը տարանցիկ երկիր չի դառնում, քանի որ պարզ չէ` ինչպես պետք է շարունակվի Հայաստանից երկաթգիծը»,- նման կարծիք հայտնեց Վահե Բոյաջյանը` ծրագրի չիրականացման մեղավորությունը դնելով  կողմերի և ոչ արտաքին խաղացողների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս