Հայաստանի ամենամեծ խնդիրը
Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք բերված իրավամբ պատմական համաձայնությունը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին երկու օրերին այս միտքն արդարացիորեն հնչում է գրեթե բոլորի կողմից: Միևնույն ժամանակ, այս մասին գնահատական հնչեցնող քիչ թե շատ իրատեսական ցանկացած մեկը, բացի ոգևորությունից, անպայմանորեն նշում է մի «եթե…»:
Եթե Հայաստանը կարողանա Իրանի հետ հարաբերություններում ինքնիշխան լինել, կամ, որ նույնն է, եթե Հայաստանը կարողանա Իրանի հետ հարաբերություններ կառուցել առաջին հերթին՝ Հայաստանի, և ոչ թե՝ Ռուսաստանի շահը հաշվի առնելով:
Ընդհանրապես, չնայած Հայաստանում առկա տասնյակ հիմնախնդիրներին, Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում ինքնիշխանությունն է, մնացած բոլոր խնդիրները, լայն իմաստով, ածանցվում են ինքնիշխանությունից, ավելի պարզ՝ դրա բացակայությունից: Ու հենց ինքնիշխանության բացակայությունը կամ թուլությունն է պատճառը, որ ցանկացած հնարավորություն Հայաստանի համար կարող է վերածվել մարտահրավերի: