Ինչպիսի՞ գներով ու պայմաններով է ԼՂՀ ԳԳՀ-ն այս տարի մթերում հացահատիկը

Հացահատիկային մշակաբույսերի այս տարվա հնձի աշխատանքներին ակտիվ մասնակցում են ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մեքենատրակտորային կայանների կոմբայնները, որոնք տեղակայված են հանրապետության շրջաններում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ԳԳՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմավիր Գալստյանը տեղեկացրեց, որ հնձի աշխատանքներում ներգրավված են գերմանական արտադրության շուրջ 25 կոմբայններ, որոնք տեղակայված են Ասկերանի շրջանի Խրամորթ , Մարտունու շրջանի Սոս համայնքներում և Մարտակերտում ստեղծված մեքենատրակտորային կայաններում: Հիմնադրամի գործադիր տնօրենի հաղորդմամբ, ներկա դրությամբ Խրամորթի «Ագրոտնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կոմբայնները կատարել են շուրջ 2539 հեկտար հացահատիկային մշակաբույսերի հունձ` Ասկերանի շրջանի անհատ հողօգտագործողների և ֆիզիկական անձանց համար:

Բացի այդ, կատարվել է 628,5 հա հունձ` սեփական մշակության հողատարածքներում: Սոսում տեղակայված ՄՏԿ-ի կողմից իրականացվել է մոտ 2357 հա հունձ, որից 347 հա-ը` սեփական մշակության հացահատիկային ցանքատարածություններում: «Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ» ՓԲԸ-ն ընդհանուր առմամբ իրականացրել է 1212 հա հունձ: Ա. Գալստյանը պարզաբանեց , որ հիմնադրամի ՄՏԿ-ների կողմից հողօգտագործողներին մատուցվող ծառայությունները կատարվում են պայմանագրային հիմունքներով:

Անդրադառնալով ԼՂՀ ԳԳ հիմնադրամի կողմից մթերվող հացահատիկի ծավալներին ու գներին, գործադիր տնօրենի տեղակալը նշեց, որ ներկայումս հիմնադրամի պահեստային տնտեսությունների կողմից մթերվել է ավելի քան 4982 տոննա հացահատիկ` մեկ կիլոգրամը 125 դրամով:

Հացահատիկի սոսնձայնության չափով պայմանավորված մթերման գինը կարող է հասնել մինչև 135 դրամի: Ընդ որում ճանապարհածախսը հոգում են հողօգտագործողները: Գյուղհիմնադրամի պատասխանատուի խոսքով, մթերման առումով նախապատվությունը տրվում է հիմնադրամի նկատմամբ վարկային պարտավորություններ ունեցող հացահատիկագործներին: Ա. Գալստյանը մանրամասնեց, որ ներկայումս Արցախի ԳԳՀ-ի պահեստային տնտեսությունների կողմից շարունակվում է հացահատիկի մթերումն անհատ հողօգտագործողներից:

Տեսանյութեր

Լրահոս