«Լիսկան էդքան դո՞ւխ ունի, որ զանգի, իմ հետ խոսակցություն տանի». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Սդղի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի առողջական վիճակը նույնն է։ Նրա հայրը՝ Գագիկ Զաքարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հարությունը գտնվում է տանը՝ բժիշկների հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդը ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել է վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը թռել է ԱՄՆ։ Հարազատները կապ էին հաստատել բժշկի հետ, վերջինս ասել էր, որ մնա անշարժ պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ նորից վիրահատության։ Արդեն երեք վիրահատություն արել են, հերթական վիրահատությունն էլ նախատեսված է հոկտեմբերին։
Գագիկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերադարձից հետո որդուն չեն հարցաքննել, իսկ թե երբ կհարցաքննեն, հայտնի չէ, Հարությունը չի կարող գնալ հարցաքննության, քանի որ անշարժ պառկած է։
«Միգուցե մի քիչ սպասենք, որ նորմալանա վիճակը»,–ասաց նա։ Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ գործով հսկող դատախազ Հակոբ Ենոքյանը զանգել է Զաքարյաններին և ասել՝ եթե Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տան, կարող է իրենց համար վատ լինել, Զաքարյան եղբայրների հայրը պատասխանեց. «Ինձ կարող է միայն Ռուսաստանի դատախազ Չայկան զանգի, Չայկան էդ գործից տեղյակ է, դեսպանատնով, դատախազությունով բոլորը տեղյակ են։ Ինձ դատախազ չի զանգել, իմ հետ խոսացող չի եղել, միգուցե զանգել են, ես Մոսկվայում եմ եղել, չգիտեմ, ես անտեղյակ եմ», ապա հավելեց, որ Հակոբ Ենոքյան անունով մարդ չի ճանաչում։
Նա նշեց, որ որդու՝ Հարությունի վրա ոչ ոք չի կարող ազդել, այդ թվում՝ ինքը, նա կայացած տղա է։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Զաքարյաններին հանդիպելու մասին լուրերին, Գագիկ Զաքարյանը նշեց հետևյալը. «Լիսկան էդքան դո՞ւխ ունի, որ զանգի, իմ հետ խոսակցություն տանի։ Իմ հետ չի կարա մարդ հանդիպի, չեն էլ հանդիպել, չեն էլ կարալու հանդիպեն»։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։