Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք և տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 14 Հուլիսի, 2015
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙՎաչե և Թամար Մանուկյան՚ մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ 62 ուսուցիչների հետ:
Հանդիպման սկզբում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց 14 երկրների հայկական կրթական հաստատությունները ներկայացնող ուսուցիչներին` հույս հայտնելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ նրանք նոր լիցքերով կշարունակեն ուսուցչի վեհ առաքելությունը:
Այնուհետև հայագիտական առարկաներ դասավանդող սփյուռքահայ ուսուցիչներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են և ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց: Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաև, որ առաջին տարիներին վերապատրաստման դասընթացները կազմակերպվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ բարձրորեն գնահատում է ուսուցիչների` նոր սերնդի դաստիարակության և կրթության գործում բերած նվիրյալ ծառայությունը: Հայոց Հայրապետն ասաց` իր սպասումն է, որ ուսուցիչները հայագիտական առարկաներ դասավանդելուց զատ երիտասարդ սերնդին հաղորդ դարձնեն նաև ազգային, հայրենական և համայնքային կյանքի իրողություններին, նրանց առիթ ընձեռեն ներգրավվելու տարբեր ծրագրերում և այդպիսով մասնակից դառնալու ազգային կյանքին: Գարեգին Բ Վեհափառը հաստատեց, որ դա է հայրենասեր, ազգասեր և նախանձախնդիր սերունդ կրթելու ճանապարհը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ միայն Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք և տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները:
Իր խոսքում Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ուսուցիչները դասընթացի ավարտին իրենց երկրները կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով և փորձառությամբ, այլև` հոգևոր-ազգային ապրումներով խանդավառված և ներշնչված ազատ ու անկախ Հայրենիքի իրողությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր ընթացք ցանկացավ դասընթացներին` մաղթելով, որ Բարին Աստված ուսուցիչներին զորացնի իրենց կարևոր առաքելության մեջ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ