Սեյրան Օհանյանի կինը կմասնակցի՞ դատական նիստերին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Դատական նիստի ընթացքում «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը միջնորդեց կարճել գործի վարույթը. ըստ նրա`վեճը ենթակա չէ քննության: Նրա խոսքով` «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված են հերքման կամ պատասխանի հրապարակման վերաբերյալ որոշակի ընթացակարգեր:
Նա նշեց, որ այս գործով հայցվորը և՛ դատական հայց է ներկայացրել, և՛ համապատասխան բովանդակությամբ դիմում «Հրապարակ» օրաթերթին` չպահպանելով 1-ամսյա ժամկետը, բաց է թողել օրենսգրքով նախատեսվող գործողությունից օգտվելու իրավունքը, հետևաբար՝ վեճը չի կարող քննության առարկա լինել:
Նրա խոսքով` «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողը հերքման կամ պատասխանի հրապարակման վերաբերյալ դիմում, քննարկում է այկդ հարցը, մեկ շաբաթվա ընթացքում կատարում է այդ գործողոթյունը կամ մերժում: Այս դեպքում, ըստ նրա «Հրապարակ» օրաթերթն 2015թ. մայիսի 25-ին ստացել է դիմումը, նույնը օրը դատարան է մուտք եղել հայցադիմում:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող, նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, ով ևս ներգրավված է որպես պատասխանող, միացավ միջնորդությանը` նշելով, որ հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչը մայիսի 25-ին իրենց փոստով ուղարկել է դիմումը, նույն օրը հայցադիմումը մուտք արել դատարան` իրենց ժամանակ չտալով նույնիսկ մտածել իր առաջարկի շուրջ:
Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն առարկեց միջնորդության դեմ` խնդրելով մերժել այն: Նա նշեց, որ էլեկտրոնային փոստով իրենց պատասխանն ուղարկելուց մոտ 1 ժամ անց կայքում հրապարակվել է երկրորդ հոդվածը: Բացի դա` նրա խոսքով մեկ շաբաթ սպասելը կամ դատարան դիմելն իրավունք է: Նա ասաց նաև, որ այս պահին նման միջնորդություն չի կարող քննության առնվել, գործի վարույթը կարճելու մասին դատարանը վճիռ է կայացնում, և եթե դատարանը գնա վճիռ կայացնելու` գտնելով, որ առկա են հիմքերը, ապա արդեն իսկ կանխակալ կարծիք հայտնած կլինի: Ըստ նրա` դատարանն այդ հարցին կարող է անդրադառնալ գործը քննելուց հետո, երբ վճիռ կայացնի:
«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչն ի պատասխան ասաց, որ «Հրապարակ» օրաթերթում նյութը հրապարակվել է ոչ թե դիմումը տալուց հետո, այլ դրանից առաջ: Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում, որին ներկա է եղել Սյուզան Սիմոնյանը, ինքը նշել է, որ եթե պատասխանը հրապարակեն, հայցն առարկայազուրկ կլինի. «Այսօր էլ եմ ասում, եթե այս պահին պատասխանը, հերքումը հրապարակեք, այս հայցն առարկայազուրկ կլինի, բայց դուք չեք ուզում հրապարակել»:
Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել` նշելով, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ այս միջնորդությանը, սակայն դատարանն իր նախաձեռնությամբ միջնորդությանը կանդրադառնա դատաքննության փուլում:
Դատական նիստի ընթացքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը միջնորդեց իր մասով կարճել գործի վարույթը` նշելով, որ իրեն ուղղված պահանջ դատարանում չլսեց, ոչ էլ գտել է հայցադիմում: Կարեն Մեժլումյանն ասաց, որ Սյուզան Սիմոնյանը որպես պատասխանող է ներգրավվել այնքան, որքանով նա է նյութի հեղինակը: Նա նշեց նաև, որ գտնում են, որ պետք է մնա որպես պատասխանող: Նա առարկեց այս պահին միջնորդության քննարկման դեմ` նշելով, որ նման ընթացակարգ չկա: Ըստ նրա` կարճումը լինում է վճռով, և դատարանը չի կարող այս գործի վերաբերյալ երկու կամ ավելի վճիռ կայացնել:
Այս միջնորդության քննարկումը ևս հետաձգվեց:
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 21-ին:
Դատական նիստից առաջ՝ պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք Ռուզաննա Խաչատրյանը մասնակցելո՞ւ է դատական նիստերին, նա ասաց. «Իր դիրքորոշումը հայցադիմում նշված է, այսինքն` մեր ընդհանուր դիրքրոշումն է: Իմաստ չունի: Իր դիրքորոշումն այն է, որ իր հետ նման բան տեղի չի ունեղել, դա պարզապես զրպարտություն է»: