Գերման Ստերլիգովը հայտարարել է Ղարաբաղից Մոսկվա վերադառնալու մտադրության մասին
Գործարար Գերման Ստերլիգովը, ով կասկածվում է ծայրահեղական БОРН խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու մեջ, հուլիսի 16-ին Լեռնային Ղարաբաղից կթռչի Մոսկվա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, Ստերլիգովը հայտնել է այսօր կայացած մամլո ասուլիսում՝ ցույց տալով գնված ավիատոմսը:
«Ես որոշել եմ հինգշաբթի վերադառնալ Ռուսաստան, որպեսզի վերջ տամ խոսակցություններին, թե թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքիս այստեղ եմ թողնում: Նման լուրերը վնասում են Ղարաբաղի ու Ռուսաստանի փոխհարաբերություններին, իսկ ինչո՞ւ նրանք պետք է ինձ համար վիճեն»,-բացատրել է նա:
Ստերլիգովի խոսքով՝ Մոսկվայում ինքը հերքելու է ցանկացած կապ ազգայնականների հետ: Գործարարը պնդում է, որ մինչև անցած շաբաթ անգամ չէր էլ լսել БОРН հապավման մասին:
«Այն մասին, թե ինչ է БОРН-ը, ես իմացա մեկ շաբաթ առաջ իմ որդուց: Այդ ամբողջ ժամանակ ես մտածում էի, թե Բորնը ինչ-որ կինոհերոս է»,-ասել է Ստերլիգովը:
Նրա խոսքով՝ իր հետապնդումների պատվիրատուն ամերիկյան հատուկ ծառայություններն են: Ստերլիգովը վստահ է, որ ինքը խանգարում ամերիկացիներին հեղաշրջում իրականացնել Ռուսատանում՝ տպելով պատմական գրքեր ու աշխատելով հանուն պետության բարօրության:
Այն բանից հետո, երբ Ստերլիգովը կպատասխանի իրավապահ մարմինների հարցերին, նա հույս ունի վերադառնալ Ղարաբաղ՝ ստեղծելու գյուղացիական-ֆերմերային տնտեսություն: Գործարարը խոստովանել է, որ իրեն դուր է եկել տեղի բնությունը, մարդիկ, սովորույթները:
LifeNews-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում Ստերլիգովը գնել է 1888 թվականի ջրաղաց, որի օգնությամբ առանց էլեկտրականության ալյուր է աղում:
Նրա պլանների մեջ է մտնում լեռներում գեյզերային բուժարան կառուցելն ու տնական պանիրների, լիմոնադի ու մուրաբաների արտադրությունը, որոնք նախատեսում է մատակարարել Ռուսաստան: