Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել եվրոպական մշակութային արժեքներին. Հասմիկ Պողոսյան
Ս. թ. հուլիսի 12-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգող Թիմ Ուիլյամսի հետ:
Թիմ Ուիլյամսը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ առաջարկելով համագործակցել մշակութային ծրագրերի շուրջ:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ մասնակցելու Ձեր առաջարկած ծրագրերին: Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել եվրոպական մշակութային արժեքներին. մեր քաղաքակրթությունը, մշակույթը հարում են Եվրոպային:
Հոգով և մտքով եվրոպական արժեքների տիրույթում գտնվելու բազմաթիվ օրինակներ ունենք. Հարյուրամյակներ շարունակ հայ մտավորականները, արվեստագետները, հասարակական գործիչներն ապրել ու ստեղծագործել են Եվրոպայում՝ այնտեղ թողնելով նշանակալի հետք՝ համաշխարահային արժեքներ»,-նշել է Հասմիկ Պողոսյանը և անդրադարձ կատարել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին.
«Մենք կքննարկենք, կհստակեցնենք այն մեխանիզմները, որոնք կուղենշեն մեր մասնակցությունը Եվրամիության ծրագրին: Կարծում եմ՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել թարգմանական նախագծերին։ Թարգմանության բաղադրիչը շատ կարևոր է Հայաստանի համար։
Հարկավոր է միմյանց գրականություններն ակտիվորեն թարգմանել ու հանրահռչակել, միմյանց իրազեկել, թե ծրագրին միացած երկրներում մշակութային ինչ իրադարձություններ են նախատեսված, փոխադարձաբար մասնակցել դրանց, առավել աշխուժացնել տարբեր մշակույթների փոխհամագործակցությունը»,-Եվրամիության ներկայացուցչի հետ զրույցում ասել է Հասմիկ Պողոսյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարը ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգողին նվիրել է խորհրդանշական հուշանվեր՝ հայկական նուռ: