Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի «Ռեալ Սոլթ-Լեյք»
ESPN 700-ը փոխանցում է MLS-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ-Լեյքի» տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելի խոսքերը, ով նշել է, որ Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի իրենց ակումբ:
Վայբելը զրույց է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը կարող է վերադառնալ ԱՄՆ:
«Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Յուրան չի տեղափոխվի մեր ակումբ: Ես դրական զրույց եմ ունեցել նրա հետ, Յուրան իրեն լավ է զգում «Սպարտակում»: Բայց, դժբախտաբար, սա այն պատասխանը չէ, որը ես ցանկանում էի լսել»,- Վայբելի խոսքերն է փոխանցում ESPN 700-ը:
Հիշեցնենք, որ մինչ «Ռանդերս» տեղափոխվելը, 2007-2009 թվականներին հենց «Ռեալ Սոլթ-Լեյքում» էր հանդես գալիս Յուրա Մովսիսյանը:
Սիրարփի Աղաբաբյան