Սահմանափակել են հավաքների ազատության իրավունքը և վիրավորել արժանապատվությունը
2015թ. հուլիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով:
Ելենա Օվսյաննիկովան 2015թ. հունիսի 23-24-ին մասնակցել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցին, ոստիկանության շղթայի ետևից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը և պահանջել է Ե. Օվսյաննիկովայից հեռանալ, նշելով, որ իրենց բոլոր ոստիկանները սեքսուալապես ցանկասեր են (сексуально озабоченные), իսկ նա քայլում է նրանց առջև և խանգարում է աշխատել:
Մի քանի րոպե անց մի քանի տղամարդ մոտեցել են Ե. Օվսյաննիկովային, որոնցից մեկը կոպտորեն բռնել է նրա ձեռքը և սկսել քաշքշել: Ե. Օվսյաննիկովան, չդիմանալով ճնշմանը, հեռացել է ոստիկանության շղթայի և «բարիկադների» միջև ընկած տարածքից:
Կատարվածից հետո Ե. Օվսյաննիկովայի վերաբերյալ տարբեր նյութեր են հրապարակվել ԶԼՄ տարբեր կայքերում, ինչպես նաև սոցիալական ցանցերում: ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ տեսագրված է Ե. Օվսյաննիկովայի և պատգամավոր Թ. Պողոսյանի խոսակցությունն այն մեկնաբանություններով, որ նա ուկրաինական սադրիչ է:
Բացի այդ, Ն. Մալյանը պնդել է, որ Ե. Օվսյաննիկովան սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել Բաղրամյան պողոտայում գտնվող և ծառայություն իրականացնող բոլոր ոստիկաններին: Ելնելով Ե․Օվսյաննիկովայի ամուսնու՝ Հարություն Մուրադյանի վերոնշյալ հանգամանքները ներկայացնող դիմումից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և Ելենա Օվսյաննիկովայի խախտված իրավունքները վերականգնելու պահանջով: 11 views
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ