Ալյոնա Ստերլիգովան պատմել է Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելու մասին
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, որտեղ հայտարարել է, որ իր ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։
Ալյոնան հայտնել է, որ իր ամուսինը լեռներ է բարձրացել մինչև երկուշաբթի, որպեսի «ընտանիքի համար ապաստան գտնի»:
Հարցին, թե ինչն է նրանց ստիպել հեռանալ Ռուսաստանից ու գալ Լեռնային Ղարաբաղ, կինը ասել է, թե ինքն էլ չգիտի պատճառը:
«Դա ամուսնուս կամքն էր: Մենք Բելառուսում էինք, երբ Գերմանը հանկարծ ինձ ասաց, որ մենք ուղևորվում ենք Ղարաբաղ: Թե ինչու ենք մենք եկել, այդ հարցին Գերմանը ձեզ ու ինձ կպատասխանի երկուշաբթի, երբ վերադառնա: Ու դա ճիշտ է, քանի որ ես՝ որպես կին, կարող եմ ավելորդ ինչ-որ բան ասել: Ինձ միայն ասվել է, որ դեռ չարժի վերադառնալ Ռուսաստան:
Ուրիշ էլ որտե՞ղ կարող էր Գերմանը մեզ տանել մեր հայացքներով և սովորույթներով։ Եվրոպա՞, ուր այլասերություն է, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ շքերթներ են անցկացվում: Ղարաբաղը դեռ պահպանել է իր բարոյական հիմքերը: Այստեղ բոլորը խոսում են ռուսերեն, իսկ ժողովուրդն այնքան բարի է: Ջանում են ամեն ինչում օգնել: Մենք, ասում են, վերջերս ենք անցել պատերազմի միջով ու գիտենք, թե ինչ է զրկանքը ու ձեզ կարիքի մեջ չենք թողնի»,-ասել է Ստերլիգովի կինը:
Հարցին, արդյոք նրանք Մերձմոսկվայում վաճառում են իրենց տնտեսությունը, Ստերլիգովի կինը պատասխանել է, թե հողատարածքը դեռ չեն վաճառում, սակայն վաճառում են անասունները, քանի որ այնտեղ մնացած մարդիկ առանց իրենց օգնության չեն կարող կառավարել այդ մեծ տնտեսությունը:
Ստերլիգովան նաև հերքել է այն տեղեկությունները, թե իրենց ֆերմայում մարզվել են ազգայնականներն ու իրենց տեղափոխության պատճառը կարող էին լինել նրանց հետ խնդիրները:
«Մեզ մոտ քիչ մարդ չէր գալիս, հիմնականում՝ գյուղատնտեսներ, ովքեր ցանկանում էին կիրառել մեր փորձը: Ես ազգայնականների չեմ տեսել երբեք: Եթե մեզ մոտ մնում էին ինչ-որ մարդիկ, ապա նրանք բացառապես ուղղափառներ էին։ Այլ մարդկանց Գերմանը չէր ընդունում։ Իսկ մարդու ուղղափառությունը որոշվում է բացառապես նրա հավատով և մորուքով: Սափրվածների հետ նա երբեք լուրջ գործ չէր ձեռնարկում»,- հայտարարել է Ալյոնան:
Հիշեցնենք, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովը օրեր առաջ Ռուսաստանից հեռացել է ու տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: